Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը և Տաջիկստանը սահմանամերձ շրջանում հրադադար են հաստատել


Տաջիկստանի սահմանի մոտ գտնվող Կոկ-Տաշ գյուղը, Բատկենի շրջան, Ղրղըզստան, 28 հունվարի, 2022թ.
Տաջիկստանի սահմանի մոտ գտնվող Կոկ-Տաշ գյուղը, Բատկենի շրջան, Ղրղըզստան, 28 հունվարի, 2022թ.

Տաջիկստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները համաձայնության են հասել կրակի դադարեցման և առճակատման գոտուց լրացուցիչ ստորաբաժանումները հետ քաշելու շուրջ: Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը:

«Հասել ենք լիակատար հրադադարի համաձայնության: Յուրաքանչյուր կողմ պարտավորվել է հետ քաշել և մշտական տեղակայման վայրեր վերադարձնել հակամարտության գոտի հասցրած լրացուցիչ ուժերն ու միջոցները, բացել Բատկեն-Իսֆանա ավտոճանապարհը և հնարավոր բախումները կանխելու նպատակով սահմանամերձ շրջաններում Ղրղըզստանի ու Տաջիկստանի իրավապահների համատեղ ջանքերով պարեկություն իրականացնել», - ասվում է հաղորդագրությունում:

Հինգշաբթի օրը տաջիկ-ղրղըզական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների ներկայացուցիչների միջև բախում:

Ղրղըզական կողմը տաջիկներին մեղադրել է ականանետեր և նռնականետեր կիրառելու, սահմանին ծանր զինտեխնիկա մոտեցնելու համար:

Տաջիկստանն, իր հերթին, պնդել է, որ կրակը բացվել է ղրղըզական կողմից, որը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու թռչող սարքեր:

Ղրղըզստանը հաղորդել է 11 տուժածների մասին, հակամարտության տարածքից մոտ 1,5 հազար մարդ է տարհանվել։ Տաջիկստանը հայտնել է, որ զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 10-ը, այդ թվում՝ 6 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք:

Երկու նախկին խորհրդային երկրների միջև կան տարածքային հին վեճեր, որոնք մի քանի անգամ հանգեցրել են արյունալի ընդհարումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG