Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկը, որը վերջին օրերին դարձել է ռուսական հարձակման գլխավոր թիրախը, մասամբ անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Քաղաքում փողոցային մարտերը շարունակվում են, երեքշաբթի առավոտյան հայտնել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերհի Գայդայը։
Ավելի վաղ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը ենթադրել էր, թե Սևերոդոնեցկի հնարավոր գրավմամբ ռուսական հարձակումը Դոնբասում կարող է կանգ առնել։ Ուկրաինական զորքերը կարող են ամրապնդվել Լիսիչանսկում՝ Սևերսկի Դոնեց գետի արևմտյան, բարձր ափին: Ռուսական զորքերին առայժմ չի հաջողվել շրջափակել Լիսիչանսկում գտնվող ուկրաինական ուժերին։
Երկրորդ կարևոր ուղղությունը, որով շարունակվում են Ռուսաստանի հարձակման փորձերը, Դոնեցկի մարզի հյուսիսում գտնվող Սլովյանսկ (Սլավյանսկ) քաղաքն է։
Մինչ այդ, անցած օրերին գրավված Լիման քաղաքով ռուսական զորքերը հասել են Սևերսկի Դոնեց։ Գետի վրայով անցնող կամուրջը քանդվել է։