«Թուրքիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն անիմաստ դիվանագիտական հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր կձեռնարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ Անկարայի մտահոգությունները փարատելու հարցում», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Պատերազմից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիացած Թուրքիան, ի տարբերություն, դաշինքի մյուս անդամների, բացահայտ դեմ է, որ Ռուսաստանի սկանդինավյան հարևանները համալրեն դաշինքի շարքերը։
«Այն դեպքում, երբ ակնհայտ է դաշինքում և միջազգային այլ կառույցներում մեր ունեցած կարևոր դերակատարումը, մենք դեռ շարունակում ենք պատժամիջոցների վերացման հարցը քննարկել մեր դաշնակիցների հետ: Մենք չենք կարող աչք փակել այն պատժամիջոցների վրա, որ մեր դեմ կիրառում է հատկապես Շվեդիան», - ասել է Էրդողանը:
Նա վերստին պնդել է, որ այդ պատժամիջոցներն ուղղակի անբացատրելի են, իսկ ՆԱՏՕ-ի համալրումը նոր անդամներով դաշինքի շահերից չի բխում. - «Հավատացած ենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, առանց հաշվի առնելու անվտանգության հիմնական սկզբունքները, օգուտ չի բերի ոչ մեզ, ոչ ՆԱՏՕ-ին»:
Անկարան, ընդդիմանալով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, այդ երկրներից պահանջում է դադարեցնել աջակցությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին ու արտահանձնել այնտեղ ապաստանած երեք տասնյակից ավելի մարդու:
Միևնույն ժամանակ ռուս - ուկրաինական պատերազմից հետո ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ ներկայացրած Շվեդիան և Ֆինլանդիան շարունակում են դիվանագիտական ջանքերը Թուրքիային մտափոխելու համար:
Շվեդիայի վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը շաբաթավերջին հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ: Վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ զրույցը դրական է անցել և առաջիկայում Շվեդիան ու Ֆինլանդիան կշարունակեն Թուրքիայի հետ երկկողմ և եռակողմ քննարկումները, սակայն գործընթացը ժամանակ կպահանջի: Անդերսոնը նաև պնդել է, որ Շվեդիան առաջին երկրներից է, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը ներառել է ահաբեկչական կազմակերպություների ցանկում: Էրդողանն էլ ասել է, որ Անկարան հստակ քայլեր է ակնկալում, ինչպես նաև պահանջել դադարեցնել 2019 թվականին Սիրիայի քրդաբնակ շրջաններ թուրքական ներխուժումից հետո սպառազինության արտահանման արգելքը:
Էրդողանը իր մտահոգություններն է փոխանցել նաև ֆին գործընկեր Սաուլի Նինիստոյին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի անդամներին սպառնացող ահաբեկչական կառույցների դեմ պայքարից հրաժարվելը չի համապատասխանում դաշինքի ոգուն: Ֆինլանդիայի արտգործնախարարն էլ տեղական հեռուստաընկերություններից մեկին ասել է՝ կարող են վստահեցնել Թուրքիային, որ ավելի ուշադիր կհետևեն Եվրոպայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության գործունեությանը, սակայն չեն կարող արտահանձնել մարդկանց առանց հիմնավորման՝ համատարիմ մնալով իրավունքի գերակայությանը:
Թուրքիայի նախագահը նախօրեին խնդիրը քննարկել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Յենս Ստոլտենբերգը Էրդողանին ասել է, որ պետք է հարցին լուծում գտնել՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված բոլոր դաշնակիցների մտավախությունները:
Անկարային համոզելու համար Ստոկհոլմն ու Հելսինկին մինչև հունիսի վերջին Մադրիդում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ժամանակ ունեն։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների համաձայնության դեպքում միայն անդամակցության հայտ ներկայացրած երկրները կարող են համալրել ռազմական դաշինքի շարքերը՝ ստանալով հավաքական անվտանգության երաշխիքներ: