Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, վերջին 24 ժամերին Դոնբասում ռազմական ավիացիան մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել ուկրաինական բանակի դիրքերին։
«Օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի կողմից [հակառակորդի] կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման 39 շրջան է խոցվել։ Լուգանսկի Կրասնի Լիման բնակավայրի մերձակայքում զինապահեստ է ոչնչացվել», - այսօր հայտարարում էր Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ԶՈւ հրթիռային ստորաբաժանումների կողմից 33 միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել։
Վերջին մեկ օրում ռուսական կողմի հարվածների հետևանքով զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը, ըստ Կոնաշենկովի, հասնում է 230-ի։