Մատչելիության հղումներ

Բազմաթիվ ձեռնարկատերեր Խարկովից տեղափոխվել են Լվով


Ռմբակոծությունների հետևանքներ Խարկովում, արխիվ
Ռմբակոծությունների հետևանքներ Խարկովում, արխիվ

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր, միլիոնավոր ուկրաինացիներ լքել են իրենց հայրենի քաղաքները՝ տեղափոխվել հարևան երկրներ կամ Արևմտյան Ուկրաինա։ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Խարկովից, մեծ թվով բիզնեսներ տեղափոխվել են Լվով և մարդասիրական կենտրոն հիմնել։

Ոչ վաղ անցյալում Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում այդ ձեռնարկատերերից յուրաքանչյուրն ուներ իր գրասենյակը:

«Իմ բիզնեսը սկզբում փոքրիկ տուրիստական ընկերություն էր, հետո այն վերածվեց կրթական կենտրոնի, որտեղ դասավանդում էինք գերմաներեն, լեհերեն և անգլերեն», - պատմում է ձեռնարկատեր Սերխի Սավիցկին։

Սավիցկիից իր բիզնեսը զարգացնելու համար տասնհինգ տարի է պահանջվել։ Երբ Խարկովը սկսեցին ռմբակոծել, նա դադարեցրեց իր գործունեությունը։ Աշխատակիցներից շատերը, այդ թվում՝ նրա ընտանիքը, ապաստան գտան արտերկրում: Սավիցկին էլ տեղափոխվեց Լվով, որտեղ այժմ զբաղվում է կամավորական աշխատանքով։

«Երբ մեզ տարհանում էին, ամենուր խուճապ էր, պայթյուններ էին լսվում։ Ես հասկացա, որ եթե զենք չվերցնեմ, չմիանամ Ուկրաինայի զինված ուժերին, պետք է այլ կերպ օգտակար լինեմ իմ երկրին: Ինձ մոտ լավ է ստացվում մարդկանց միավորելը։ Այդ առումով բարդ չէր, իսկ ձեռներեցներն այնտեղ ինձ նման մեկին էին փնտրում», - պատմում է ձեռնարկատեր Սերխի Սավիցկին։

Սավիցկին Լվովում միավորեց Խարկովի ձեռնարկատերերին ու հումանիտար կենտրոն հիմնեց, որը մեկ նպատակ ունի՝ օգնել արևելյան Ուկրաինայի կարիքավոր ընտանիքներին։

Մաքսիմ Ուդովիչենկոն Խարկովում սուպերմարկետների ցանցի սեփականատեր է։ Նրա տունն ավերվել էր ռուսական զինուժի հրթիռակոծությունից։ Այժմ նա օգնում է իր համաքաղաքացիներին տարհանման հարցում։ Շատ դեպքերում՝ ստիպված է լինում համոզել նրանց, որ հեռանան:

«Մշտական ռմբակոծությունների ժամանակ դժվար է ճիշտ կողմնորոշվել։ Շատերին թվում է, որ իրենք ապահով են: Բայց ես տեսնում եմ ամբողջական պատկերն ու հասկանում եմ, որ շուտով այս տարածքը կկորցնենք և այդ ժամանակ նույնիսկ կամավորները չեն կարողանա մարդկանց տարհանել, ինչպես դա եղավ Մարիուպոլում», - ասում է ձեռնարկատեր Մաքսիմ Ուդովիչենկոն:

Մարդասիրական աջակցության այս կենտրոնում կամավորները օրական օգնում են ավելի քան հազար մարդու: Օգնությունը մեծ մասը ստանում են ԱՄՆ-ից և Եվրոպայից, պատմում է նախաձեռնության ղեկավար Պավլո Պիսմենկովը. «Մենք կապ ենք հաստատում միջազգային և ուկրաինական դոնորների հետ՝ Խարկով մարդասիրական օգնություն հավաքելու և ուղարկելու նպատակով։ Մենք նպատակային առաքումներ ենք կազմակերպում բոլոր նրանց համար, ովքեր չեն կարող ներկայանալ առաքման կենտրոն: Մենք ստանում ենք մթերքներ, տակդիրներ երեխաների և տարեցների համար, ինչպես նաև դեղորայք և բժշկական օգնության պարագաներ ՝ փրկարարների համար»:

Բիզնեսում երկար տարիների փորձը թույլ է տալիս այս ձեռնարկատերերին արագ ու արդյունավետորեն կազմակերպել լոգիստիկ հարցերն ու առաքումները։

«Ես վերահսկում եմ կենտրոնի լոգիստիկ թևը և այն կամավորների աշխատանքը, ովքեր անմիջական կապի մեջ են բնակիչների, տարածքային պաշտպանության օղակների, և զինված ուժերի հետ։ Նրանք քրտնաջան աշխատում են և աջակցում կարիքավորներին», - պատմում է Սերխի Սերեդան:

Այս մարդասիրական կենտրոնի կամավորները մեկ նպատակ ունեն։ «Մեզ համար կարևոր է ոչ միայն մեր, այլ բոլոր ուկրաինացի երեխաների բարօրրությունը: Նրանք պետք է ուրախ լինեն, ժպտան։ Շատ ծանր է տեսնել նկուղներում ապաստանած երեխաներին», - ասում է ձեռնարկատեր Սերխի Սավիցկին։

Յուրօրինակ այս կենտրոնը գործում է շուրջօրյա՝ առանց հանգստի։

XS
SM
MD
LG