Միացյալ Նահանգների Սենատը միաձայն հավանություն է տվել Բրիջիթ Բրինքի նշանակմանը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որում նրան առաջադրել է նախագահ Ջո Բայդենը։
Շուտով դեսպանը երդում կտա, իսկ հունիսին աշխատանքի կանցնի Կիևում։
2019 թվականից Բրիջիթ Բրինքը ղեկավարում էր Սլովակիայում ԱՄՆ դեսպանատունը։ Դիվանագետը նաև մեծ փորձ ունի հետխորհրդային տարածքում. 2011-ից մինչև 2015 թվականը Բրինքը Միացյալ Նահանգների փոխդեսպանն էր Ուզբեկստանում, ապա՝ Վրաստանում։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2019 թվականի մայիսից հետո, երբ Դոնալդ Թրամփը Բարաք Օբամայի օրոք նշանակված Մարի Յովանովիչին հետ կանչեց՝ նրան մեղադրելով նոր վարչակազմին անհավատարմության մեջ։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ը տարհանեց Կիևում դեսպանատան բոլոր աշխատակիցներին, իսկ չորեքշաբթի օրը ամերիկյան դիվանագիտական առաքելությունը վերսկսեց աշխատանքը Ուկրաինայի մայրաքաղաքում։