Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը այսօր կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև հետկոնֆլիկտային շրջանի, Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու հարցերի շուրջ։
Ադրբեջանի նախագահը այսօր Թուրքիայում մասնակցել է Ռիզե-Արտվին նոր օդանավակայանի բացմանը։ Ալիևն իր ելույթում ասել է, որ լավ ու վատ պահերին Թուրքիան ու Ադրբեջանը միշտ միասին են, և ղարաբաղյան երկրորդ պատերազմը դա ցույց տվեց ամբողջ աշխարհին։
«Պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին օրը իմ եղբայրը մեզ հետ էր, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ էր։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը մեր ընդհանուր փառահեղ պատմությունն է, մենք վերջ տվեցինք 30-ամյա օկուպացիային։ Պատերազմի հենց առաջին օրը հարգելի նախագահի, իմ եղբոր, նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է՝ լուրջ ազդանշան էր շատերի համար։ Մինչև պատերազմի վերջին րոպեները, քանի դեռ Շուշիում չէր բարձրացվել Ադրբեջանի դրոշը, Թուրքիան մեզ աջակցում էր, մեր հենարանն էր։ Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա այդ եղբայրությունը», - APA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ասել է Ալիևը։