Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ այսօր մասնակցեց Ռիզե-Արտվին օդանավակայանի բացման արարողությանը։
Նոր օդանավակայանը գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Սև ծովի նավահանգիստ Ռիզեից 34 կիլոմետր, իսկ Արտվինից՝ 125 կիլոմետր հեռավորության վրա։
Ռիզե-Արտվինը Թուրքիայի 58-րդ օդանավակայանն է, որը կարող է տարեկան 3 միլիոն ուղևոր սպասարկել։
«Անադոլու» գործակալությունը օդանավակայանի բացման արարողությունը ուղիղ հեռարձակում էր։ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով այնտեղ հավաքված հազարավոր մարդկանց առաջ ելույթ ունեցան Էրդողանը, թուրք այլ պաշտոնյաներ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահը։