Մատչելիության հղումներ

Ուրուգվայի ԱԳ նախարար. Չավուշօղլուի սկանդալային ժեստի հարցը փակված է համարվում


Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիլլոն հայ համայնքի միջոցառումներից մեկի ժամանակ, արխիվ
Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիլլոն հայ համայնքի միջոցառումներից մեկի ժամանակ, արխիվ

Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիլլոն ընդդիմության կողմից հրավիրվել է խորհրդարան՝ Միջազգային գործերի հանձնաժողովի նիստին բացատրություններ տալու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ հայերին ուղղված «գորշ գայլերի» ժեստի և Ուրուգվայում Թուրքիայի դեսպանի պարզաբանումների վերաբերյալ:

Նիստից հետո ասուլիսի ժամանակ Բուստիլլոն ասաց, որ հարցը փակված է համարվում. - «Այդ անսպասելի ժեստից հետո մենք անմիջապես կանչեցինք Թուրքիայի դեսպանի նախարարություն, և այդ մեր քայլը դիվանագիտական կանոններով ինքնին բողոք և դժգոհություն է պարունակում»:

Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ուրուգվայը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և ունի պետական քաղաքականություն այս առնչությամբ՝ կիսելով հայերի ցավը, ուստի այդ մեծ ցավի համար որևէ բացատրություն չկա:

Ընդդիմադիր «Լայն ճակատ» կուսակցության անդամ սենատոր Լիլիամ Քեշիշյանը թեև կարևորեց գործադիրի արագ պատասխանը, բայց միաժամանակ նշեց՝ նախընտրելի կլիներ, որ Արտգործնախարարությունը հատուկ ու հզոր հայտարարությամբ անդրադառնար Թուրքիայի դեսպանի պարզաբանումներին և միջադեպին: Ըստ նրա՝ զարմանալիորեն, դեսպանն ասել է, թե ժեստը կապ ունի «թուրքական հպարտության» հետ, ոչ «գորշ գայլերի»:

XS
SM
MD
LG