Պարզվել է Գյումրիի Երևանյան խճուղում, ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեն:
ՔԿ-ի հաղորդմամբ՝ նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է:
Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Գյումրիի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և ընդդիմության ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցած վիճաբանությանն մասին Քննչական կոմիտեն հաղորդել է երեկ:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ «Ազատությանը» փոխանցել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։
Նախաքննության ընթացքում, պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, ովքեր 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: