Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակից, 35-ամյա Արմեն Մաթևոսյանը, տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ, ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը», - ասաց Գրիգորյանը:
Ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած Արմեն Մաթևոսյանն այժմ Վարդենիսի զինվորական հոսպիտալում է. «Տեղի է ունենում վիրահատություն, ներքին օրգանների վնասվածքներ չկան, և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն»:
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի Սոթքի հատվածում կրակոցների մասին տեղեկատվությունը հաստատում է նաև Պաշտպանության նախարարությունը, սակայն գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, որ այդ կրակոցները երեկվանից են սկսվել։
«Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», - ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում են նախարարությունից:
Սոթքի հանքավայրը այսօր գործը դադարեցրել. «Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը և տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում՝ թե հանքավայրը կրակի տակ են պահել: «Մենք կտրականապես հերքում ենք», -հայտարարում է պաշտոնական Բաքուն։
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ հանքավայրը ադրբեջանական զինուժի թիրախում է եղել մի քանի ժամ շարունակ, Հակոբ Ավետյանը շեշտեց՝ Գեղարքունիքի մարզի Սոթք ու սահմանային այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
Սոթքի հանքավայրը 670 աշխատակից ունի։ 44-օրյա պատերազմից հետո, երբ եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանին, սահմանը գծվեց հենց հանքավայրի միջով;