Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց


Երևանի ընդհանուր իրավասություն դատարանը բավարարել է նախկին ազդեցիկ պաշտոնյայի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և մերժել պաշտպաններինը։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով: Երևանի ընդհանուր իրավասություն դատարանը բավարարել է նախկին ազդեցիկ պաշտոնյայի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և մերժել պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա ասաց նաև՝ որոշումն անսպասելի չէր իրենց համար․ - «Այն, որ այստեղ ակնհայտ խնդիրներ կային, և դրանք, ըստ էության, որևէ իրավական հնարավորություն չկար շրջանցելու, այսինքն՝ այնպիսի ուղիղ պահանջներ կային կալանքից ազատելու, որ դատարանն անտեսել է: Ես մեծ սիրով կուզենայի տեսնել, թե ինչպես է փորձել պատճառաբանել կամ արդյոք պատճառաբանել է թե չէ»:

Պաշտպանական կողմը միջնորդել էր, որ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվի։ Սարգսյանի խոսքով, իրենք պատրաստ էին մեղադրանքում նշվող շուրջ 230 միլիոն դրամ վնասի չափով գրավ վճարել։

Պաշտպանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Բացի այդ, տեղեկացրեց, որ Վճաբեկ դատարան են դիմել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Խաչատրյանին գրավով ազատ արձակելու մասին իրենց միջնորդությունը մերժելու համար․ - «Դատական պրակտիկան այնպիսին է, որ եթե կալանքի հիմքերից մեկը խոչընդոտման հավանականությունն է, ապա մեխանիկորեն գրավի կիրառումը անթույլատրելի էին համարում, սակայն Սահմանադրական դատարանը վերջերս կայացրած որոշմամբ հստակ արձանագրեց, որ այդ պրակտիկան հակասում է և՛ Սահմանադրությանը, և՛ օրենսդրությունն է այդ մասով հակասում Սահմանադրությանը»:

Երեմ Սարգսյանի խոսքով, Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավականին վատ է, ու նաև այդ կարող է հիմք լինել Խաչատրյանին ազատ արձակելու համար։

Ըստ պաշտպանների, նախկին ազդեցիկ պաշտոնյան վիրահատության կարիք ունի, որը հնարավոր է կատարել արտասահմանում․ - «Բժշկական այն խնդիրները, որոնք առկա են, որոնց ուժով անհապաղ ցուցում կա ազատ արձակելու, և եթե պետությունը Վճռաբեկ դատարանի մակարդակում իր պարտավորությունը չկատարի, արդեն իսկ խնդիր է ծագելու Եվրոպական դատարան դիմելու: Եվ Եվրոպական դատարանում վստահ եմ, որ այս առումով բավական լուրջ հարցեր կառաջանան»:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման համար։ Խոշոր չափերի վատնման մեղադրանքը քննում էր Հատուկ քննչական ծառայությունը. այդ գործով արդեն 800 միլիոն դրամ է վերականգնվել պետական բյուջե:

Մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ հանցանք կատարելուն: Ըստ նախնական տեղեկությունների, Պետեկամուտների կոմիտեում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար։ Նրա կալանքի ժամկետը երեկ մեկ ամսով երկարաձգվել է:

Երկար տարիներ պետական համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանը, ըստ տարբեր հետաքննությունների, ներգրավված է եղել խոշոր կոռուպցիոն գործարքներում։ Դեռ 2015-ին «Ազատությունը» պարզել էր, որ Խաչատրյանի ղեկավարության շրջանում Ֆինանսների նախարարությունը 10 մլն դոլարի պատվեր էր տվել նախարարի հորեղբորորդու ընկերությանը։

Հանրության շրջանում մեծ արձագանք ստացան նաև Խաչատրյանի որդիների առանձնատների մասին «Հետք»-ի և «Սիվիլնեթ»-ի հետաքննությունները։ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, ըստ «Հետք»-ի, իրենց հոր պաշտոնավարման տարիներին Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով առանձնատուն էին գնել ապա վաճառել 18 միլիոնով: Բացի այդ Լոս Անջելեսի մեկ այլ հասցեում նոր վիլլա էին կառուցում։

«Սիվիլնեթ»-ի հետաքննության համաձայն էլ, Խաչատրյան եղբայրները 2,6 միլիոն եվրոյով բնակարան էին գնել Էյֆելյանի աշտարակի հարևանությամբ։

2014-ին ներկայացված պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Խաչատրյանը նշել է, որ ունի երկու բնակարան, մեկ առանձնատուն, 269 միլիոն դրամ, և մոտ 3 միլիոն դոլար։

Գագիկ Խաչատրյանի ընտանիքին են պատկանում մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում՝ «Յուքոմ»-ը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը և այլն։

XS
SM
MD
LG