Բարձր դատարանն այսօր սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում։
Ընդդիմադիրները յոթ ամիս առաջ ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին՝ կալանավորված լինելու պատճառով, և հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը. այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։
Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանը չցանկացավ այն մեկնաբանել՝ պնդելով, թե հիմա այլ հարցեր են կարևոր։
Ավելի վաղ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում այսպես էր հիմնավորել իրենց դիմումը. - «Ալեն Սիմոնյանը ունեցավ ելույթ, ուներ հնարավորություն պատասխանելու հարցերին, որոնք ներկայացվում էին։ Իսկ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, որոնք «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուներն էին, նրանք նման հնարավորություն չէին ունեցել։ Չէին ունեցել հակասահմանադրական, հակաօրինական միջամտության պայմաններում»։
Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչել էր Սահմանադրական դատարանի մեկ այլ որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչվել պատգամավորի կարգավիճակում Զաքարյանի և Մխիթարյանի կալանավորումը. - «Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ հիմնավորումը, որը մենք ներկայացնում էին, որ պատգամավորը առանց ԱԺ-ի համաձայնության, անձեռնմխելիությունից ելնելով չէր կարող լինել քրեակատարողական հիմնարկում, հաստատվեց։ Հետևաբար Ազգային ժողովի նախագահի ընտրությունները այդ մասով արդեն իսկ հաստատված է, որ օրինականության խնդիր են ունեցել»։
Ընդդիմադիրների այս դիմումը Բարձր դատարանը սկզբում որոշել էր քննել բանավոր ընթացակարգով՝ հանրության ու լրագրողների համար բաց։ Հետո արդեն որոշվել էր այն քննել փակ՝ գրավոր ռեժիմով։ Սկզբում զեկուցող դատավոր էր նշանակվել Երվանդ Խունդկարյանը, որին հետո փոխարինեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Պատճառը դատավորների մեծամասնության դիրքորոշման տարբերությունն էր Խունդկարյանի կարծիքից։ Այս դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակարգը զեկուցող դատավորին փոխելու հնարավորություն տալիս է։
Խունդկարյանի դիրքորոշումը պարզ կդառնա, երբ Բարձր դատարանը հրապարակի այսօր կայացրած որոշումը։