Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան հրաժարվեց ռուբլով վճարել ռուսական գազի համար


Ֆինլանդիայում համերաշխության ցույց Ռուսաստանի ագրեսիային ենթարկված Ուկրաինայի հետ, արխիվ, Հելսինկի, 26 փետրվարի, 2022թ.
Ֆինլանդիայում համերաշխության ցույց Ռուսաստանի ագրեսիային ենթարկված Ուկրաինայի հետ, արխիվ, Հելսինկի, 26 փետրվարի, 2022թ.

Ֆինլանդիան մտադիր չէ կատարել Ռուսաստանի ներկայացրած պահանջը և ռուբլով վճարել գազի համար: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպայի և սեփականության կառավարման հարցերով Ֆինլանդիայի նախարար Տիուտտի Տուպուրայնենը:

«Մենք տնտեսական քաղաքականության հարցերով կառավարական կոմիտեում որոշել ենք, որ կառավարությունը գազի համար ռուսական արժույթով՝ ռուբլով չի վճարի»,- ասել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, դա լիովին համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը, ըստ որի ռուբլով վճարելու պահանջը չի կատարվի, քանի որ դրանով կխախտվի Ռուսաստանից գազ ներկրելու գործող պայմանագիրը:

Նախարարն ասել է, որ կառավարության դիրքորոշումը փոխանցվել է գազի ներկրումն ու բաշխումն իրականացնող Gasum պետական ընկերությանը:

Gasum-ի գլխավոր տնօրեն Միկա Վիլյանենն ասել է, որ ընկերության իրավաբանները մշակում են պաշտոնական արձագանք, որով պետք է պատասխան տրվի ներկրման համար ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջին:

Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով պահանջել է «ոչ բարեկամական երկրների» հետ գազի վաճառքն իրականացնել բացառապես ռուսական արժույթով:

Մոսկվայում «ոչ բարեկամական» են համարել այն երկրները, որոնք դատապարտել են Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և դրա կապակցությամբ սահմանել են քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ:

XS
SM
MD
LG