Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուղղաթիռները Ռուսաստանի տարածքում հարվածել են նավթի բազային, հայտնել է տեղական իշխանության ղեկավարը


Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում «Ռոսնեվթին» պատկանող նավթի բազայում։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը վաղ առավոտյան Տելեգրամի իր էջում մի քանի գրառումներով հայտնել է, որ ուկրաինական կողմից երկու ուղղաթիռ ցածր բարձրության վրա ներխուժել են Ռուսաստանի տարածք ու հարվածել նաթվի բազային։

Զոհեր չկան, երկու մարդ վիրավորվել է, հարակից փողոցների տների բնակիչները ժամանակավորապես տարհանվել են։ «Ռոսնեվթ» ընկերությունը ևս իր հաղորդագրությունում նշում է, որ զոհեր չկան` ոչինչ չասելով հրդեհի բռնկման պատճառների մասին։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երկու ուղղաթիռ են երևում, որոնք հրթիռակոծում են նավթի բազան, ու անմիջապես խոշոր հրդեհ է բռնկվում։

Խոշոր հրդեհ ռուսաստանյան Բելգորոդի նավթաբազայում
please wait

No media source currently available

0:00 0:00:57 0:00

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` հրդեհվել են նավթի 8 պահուստարաններ, որոնցից յուրաքանչյուրը երկու հազար խորանարդ մետր տարողություն ունի։ «Ռոյթերսի» տեսանյութում տեղ հասած հրշեջները փորձում են հանգցնել կրակը։ Նավթի բազայի վրա հարվածները ֆիքսել են նաև բազայում տեղադրված անվտանգության տեսախցիկները։

Բելգորոդը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա` ուկրաինական Չեռնիգով քաղաքից հյուսիս։

Փետրվարի 24-ից` պատերազմի սկզբից ի վեր, սա համարվում է ուկրաինական կողմի առաջին ավիահարվածը Ռուսաստանի տարածքին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը այսօր ասել է, թե չի կարող հաստատել կամ հերքել նավթի բազայի վրա կատարված հարձակմանը Ուկրաինայի մասնակցության մասին հաղորդումները, քանի որ ռազմական տեղեկատվության չի տիրապետում։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովն ասել է, որ միջադեպը ազդեցություն չի ունենա մատակարարումների կամ սպառողների գների վրա։ Հարևան Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյը հավաստիացրել է, որ վառելիքի պաշարները առնվազն մի քանի շաբաթ բավարար են, ու բնակչությանը կոչ է արել վառելիքի պաշարներ չհավաքել։

Հակառակորդի վառելիքի պահեստներին հարվածելը վերջին շաբաթների ընթացքում լայնորեն կիրռավում է ռուսական ուժերի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը ամեօրյա տեղեկատվական հաղորդումներում հաճախ է ասում Ուկրաինայի վառելիքի պահեստները հրթիռակոծելու մասին, այդ թվում նաև մարտական գործողություններից հեռու Ուկրաինայի արևմտյան շրջաններում։

Ապրիլի 1-ին ևս նա ասել է, որ ռուսական ուժերը օդային տեղակայման զենքով ոչնչացրել են ուկրինական վեց ռազմական օբյեկտ՝ հինգ ռազմամթերքի և մեկ վառելիքի պահեստներ։ Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական զինուժի գործողությունների մասին նա թվարկել է ևս մի քանի դրվագներ, բայց Բելգորոդի նավթի բազայի վրա կատարված հարձակման մասին ոչինչ չի ասել։

Դա մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ասելով, թե միջադեպը չի ստեղծում հարմարավետ պայմաններ բանակցությունների շարունակման համար։

Նա հայտնել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է, որ նրան, բնականաբար, զեկուցել են այդ մասին։

Պեսկովը նշել է, որ վառելիքի մատակարարումների ուղիները վերակազմակերպվում են․ «Ամեն ինչ արվում է վառելիքի մատակարարման շղթան վերակազմակերպելու ուղղությամբ, որպեսզի տեղի ունեցածը ոչ մի կերպ ազդեցություն չունենա վառելիքի բոլոր անհրաժեշտ տեսակների մատակարարումների վրա»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով Չինաստանից հետո այցելել է Հնդկաստան, այսօր ասել է, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթաց է տեսնում, և դրանք պետք է շարունակվեն։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ բանակցությունները` աշխատանքային խմբերի ներգրավմամբ, առցանց ռեժիմով այսօր վերսկսվել են։

XS
SM
MD
LG