Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Այս մասին հայտարարում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլքսամչորսյան իր ուղերձում՝ հավելելով, որ «դա թույլ չտալու համար պետք է գործել»:
«Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր», - ասված է ուղերձում։
Դիմելով «սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին», Սերժ Սարգսյանը հայտարարում է․ - «Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը»:
«Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է», - հայրենակիցներին կոչ է անում նախկին նախագահը։
Սերժ Սարգսյանը դիմում է նաև Թուրքիայի քաղաքացիներին. – «Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ»:
Դիմելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետություններին՝ Հայաստանի երրորդ նախագահն ընդգծում է․ - «Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության»:
Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին էլ Սարգսյանն ասում է․ - «Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ: Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»:
Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել: Ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում։ Այս մասին ասված է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։
«Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորուստների ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ նաև Արցախում», - գրում է Արմեն Սարգսյանը ուղերձում, որ հրապարակել է նրա գրասենյակը։
«Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից Հայաստանում, Սփյուռքում և Արցախում...
Այսօր էլ իրադարձություններն Արցախում և մեր ողջ տարածաշրջանում վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - հայտարարում է Հայաստանի չորրորդ նախագահը։