Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտել է Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը


Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ հայտարարելով, որ դատապարտում է «քաղաքական նպատակներով պատմական իրողությունները խեղաթյուրող նմանօրինակ հայտարարություններն ու որոշումները»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Թուրքիան հարգանքով հիշում է օսմանյան բոլոր քաղաքացիների, այդ թվում` հայերի ապրած ցավերը և մերժում է այդ վիշտը քաղաքականության նյութ դարձնելու փորձերը»: Նշվել է նաև, որ «Անկարան կողմնակից է 1915 թվականի դեպքերի անկողմնակալ գիտական և իրավական սկզբունքների շրջանակներում ուսումնասիրությանը և այս առումով առաջարկել է պատմաբանների հանձնաժողով հիմնել՝ բացելով իր արխիվները»:

«Թուրքան ջանքեր է գործադրում տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության և կայունության հաստատման համար: Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը այս մտայնության մեկ այլ ցուցիչ է»,- ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի արտգործնախարարը ևս արձագանքել է ԱՄՆ նախագահի այսօրվա ուղերձին։ Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում արևմտյան առաջնորդներին, մասնավորապես Ջո Բայդենին և Էմանյուել Մակրոնին մեղադրել է երկերեսանի մոտեցման համար:

«Արևմտյան որոշ առաջնորդներ վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։ Բայց նույն մարդիկ 1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման և սա նրանց երկերեսանիության ամենացայտուն օրինակն է»,- գրել է Չավուշօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG