Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորներն այցելել են Թբիլիսի՝ վերահաստատելով երկու երկրների ռազմավարական գործընկերությունը


ԱՄՆ-ն այս տարի 132 միլիոն դոլար օգնություն է տրամադրելու Վրաստանին, Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է սենատոր Բոբ Քեյսին, նշելով, որ գումարի մի մասը նախատեսված է ծախսել «Վրաստանի պաշտպանության և զսպման միջոցների ամրապնդման» ծրագրի իրականացման վրա, որը ստորագրվել է պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի Վրաստան կատարած այցի ժամանակ՝ 2021 թվականին։

Թբիլիսի այցելած մեկ այլ սենատոր Քրիս Քունսն ասել է, որ ԱՄՆ-ն երեք տասնամյակի ընթացքում Վրաստանին վեց միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել։

Սենատորների խումբը Վրաստան է այցելել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Նրանք հանդիպել են Վրաստանի վարչապետի, նախագահի, արտգործնախարարի, ընդդիմության առաջնորդների, ինպես նաև ուկրաինացի փախստականների և Վրաստան տեղափոխված այլախոհ ռուսաստանցիների հետ։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այսօր կայացած հանդիպման մասին հաղորդվում է, որ սենատորների այցը ԱՄՆ-ի վճռական աջակցության ևս մեկ ապացույց է` որպես Վրաստանի ռազմավական գլխավոր գործընկեր։ ԱՄՆ-ն օժանդակում է Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, պաշտպանական համակարգի ամրապնդմանը և տնտեսության զարգացմանը։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ «Վրաստանը կար և մնում է ԱՄՆ-ի հուսալի գործընկերը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»։

Անդրադարձ է կատավել նաև Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններին և պատերազմի ազդեցությանը Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վրա։

Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը և երկու երկրների միջև ամուր հարաբերությունները, ինչպես երբևէ, կենսական նշանակություն ունեն Վրաստանի համար։

«Ձեր այցով դուք հաստատում եք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը խոսքեր չեն, այլ իրականություն»,- ասել է Վրաստանի նախագահը ԱՄՆ սենատորներին։

Այն, որ Վրաստանը ավելի շատ ապավինում է Արևմուտքին, քան այլ կենտրոնների, վկայում են ոչ միայն պաշտոնյաների խոսքերը, այլև ժողովրդի տրամադրությունը։ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի վերջին հարցման տվյալներով` Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ավելացել է Վրաստանի քաղաքացիների թիվը, որոնց կարծիքով` Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելը կամրապնդի Վրաստանի անվտանգությունը։ Եվրամիության անդամակցությունը ընդհանուր առամամբ պաշտպանում է հարցվածների 82 տոկոսը, ՆԱՏՕ-ին անդամակցելը` 71 տոկոսը։ Միայն անվտանգության առումով երկու հարցումների արդյունքերի համադրումը հետևալ պատկերն է ցույց տալիս։

Ուկրաինայում պատերազմը սկսվելուց հետո, մարտին անցկացված հարցման համաձայն, վրացիների 32 տոկոսի կարծիքով` Եվրամիությանը անդամակցելը կնպաստի նաև Վրաստանի անվտանգության ամրապնդմանը, իսկ պատերազմից առաջ` փետրվարին նման կարծիքի էր հարցվածների 22 տոկոսը։

Պատերազմը սկսվելուց հետո վրացիների 53 տոկոսը համոզված է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանին մեծ անվտանգություն կապահովի, իսկ մինչ պատերազմը նման կարծիքի էր 40 տոկոսը։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշմանը, ապա գործընկեր պետությունների հանդեպ այն մնացել է նույնը։ Երկու օր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջեյմս Ափաթուրայը Թբիլիսիում կրկնել է հայնտի դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ի դռները Վրաստանի համար բաց են։

«Վրաստանի բնակչության մեծ մասը պաշտպանում է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, դա արձանագրված է նաև ձեր Սահմանադրությունում։ Մենք ցանկանում ենք տեսնել շարունակվող բարեփոխումներ, ինպես նաև հասարակության ավելի նվազ բևեռացում ձեր երկրում»,- ասել էր Ափաթուրայը, հայտնելով, որ իր այցի նպատակն է Վրաստանի կառավարության և խորհրդարանի հետ քննարկել նոր նախաձեռնություններ ու առաջարկներ՝ կապված ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հետ։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների վերջին հանդիպմանը որոշվել է ուժեղացնել այն երկրների աջակցությունը, որոնք Ռուսաստանի կողմից սպառնալիք են զգում, և մենք աշխատում ենք այդ ուղղությմաբ»,- Թբիլիսիում երկու օր առաջ ասել է Ջեյմս Ափաթուրայը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG