Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների գրավումը


ԱՄՆ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ իր երկիրը կսատարի Վրաստանի բանակի զարգացմանը, Թբիլիսի, 18 հոկտեմբերի, 2021թ.
ԱՄՆ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ իր երկիրը կսատարի Վրաստանի բանակի զարգացմանը, Թբիլիսի, 18 հոկտեմբերի, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն այսօր ժամանել է Վրաստան, որտեղ Թբիլիսիի միջազգային օդակայանում նրան դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:

Օսթինի Թվիթերի միկրոբլոգում առավոտյան հրապարակվել է հետևյալ հայտարարությունը. «Շնորհակալություն նախարար Բուրչուլաձեին պաշտպանության նախարարի պաշտոնում Վրաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում նման ջերմ ընդունելության համար: Միացյալ Նահանգները Վրաստանը համարում է ռազմավարական գործընկեր, և մեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը անդրդվելի է»:

Օսթինը և Բուրչուլաձեն դեմ առ դեմ հանդիպումից հետո պաշտպանության նախարարության շենքում կնքել են Փոխըմբռնման հուշագիր Վրաստանի պաշտպանության ամրապնդման նախաձեռնության վերաբերյալ:

«Այս նախաձեռնությունը նշում է անվտանգության հարցում մեր երկկողմ համագործակցության նոր փուլը և ցույց է տալիս Վրաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը»,- հայտարարել է Օսթինը:

Այդ նախաձեռնությունն ունի երկու բաղադրիչ՝ աջակցություն Վրաստանին պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ ամրապնդմանը և վրացական բանակի զարգացում բրիգադների մակարդակով համատեղ վրաց-ամերիկյան զորավարժանքներ անցկացնելու եղանակով:

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանն, ով օդակայանում ԱՄՆ պաշտպանության նախարարին դիմավորողների թվում էր, ասել է, թե Օսթինը Թբիլիսիում կքննարկի Վրաստանի պաշտպանական կարողությունների հզորացմանը նպաստելու հնարավորությունը:

Վերլուծաբանների փոխանցմամբ, Օսթինի այցի նպատակն է հավաստել Ամերիկայի աջակցությունը Վրաստանին՝ Սև ծովի կարևորագույն տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ և ապակառուցողական քայլերի ենթատեքստում:

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպումներից հետո նախարար Օստինը մեկնել է Վրաստանի վարչապետի նստավայր, որտեղ նրան ընդունել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Զրույցից հետո ԱՄՆ պաշտպանության նախարաը հայտարարել է.- «Մեյ հանգամանք ուզում եմ ընդգծել՝ Միացյալ Նահանգները միանշանակ և առանց վերապահումների դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների շարունակվող գրավումը և Սև ծովի տարածաշրջանում ռազմական ճնշումներով և չարամիտ գործողություններով ազդեցության ամրապնդմանն ուղղված ակտիվությունը: Սա կարևոր տարածաշրջան է, որի անվտանգությունն ու կայունությունը վճռական նշանակություն ունեն ամբողջաական, ազատ և խաղաղ Եվրոպայի տեսալականն իրականություն դարձնելու համար»:

Վրաստանը և Միացյալ Նահանգները 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության և առևտրի բնագավառներում, իսկ 1990-ականների վերջերից այդ շրջանակում են ներառվել նաև պաշտպանությունը և անվտանգությունը:

2009 թվականին երկու երկրները կնքել են Ռազմավարական գործընկերության խարտիա, որը ենթադրում է սերտ համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում:

Նախորդ անգամ Պենտագոնի ղեկավարը 2014 թվականին է այցելել Վրաստան: Պենտագոնը երեկ հայտնել է, որ Լոյդ Օսթինը Վրաստանից բացի, կայցելի Ուկրաինա և Ռումինիա, ապա կմեկնի Բրյուսել, որտեղ հոկտեմբերի 21-ից 22-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովը:

Երեկ Պենտագոնը հայտնել է, թե Օսթինը Թբիլիսիում և Կիևում կընդգծի, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են» և երկու երկրներին կոչ կանի «իրագործել անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կընձեռեն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իրավունք»:

Ըստ Պենտագոնի երեկվա պաշտոնական հայտարարության, «նախարարը երեք երկրներում կվերահաստատի Միացյալ Նահանգների հանձնառությունն անվտանգ, կայուն և բարգավաճ Եվրոպային սատարելու գործում»:

XS
SM
MD
LG