Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկում է ռուսական գազը ռուբլով գնելու տարբերակը


Թե արդյոք սկսվել են առարկայական բանակցություններ Ռուսաստանի հետ, առայժմ հայտնի չէ։

Պաշտոնական Երևանը դեռ նախկին իշխանության տարիներին էր ընդգծում՝ գազը ռուսական արժույթով գնելն անհրաժեշտ ու ձեռնտու է Հայաստանին։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գնահատմամբ՝ եթե հաջողվի գազը ռուբլով գնել, դա դրական զարգացում կլինի Հայաստանի տնտեսության համար. - «Դա կլինի շատ մեծ հաջողություն, որովհետև մենք հիմա ունենք խնդիր, երբ մեր արտահանողները, ռուբլու ապագա կուրսի նկատմամբ վտահություն չունենալով, չափազանց դժկամ են իրենց արտահանումները ռուսական ռուբլով գնանշելու առումով։ Եթե մենք ունենանք ֆիքսված գազի գին ռուբլով, դա հնարավորություն կտա, որպեսզի մենք հակադարձ գործարքներով կարողանանք մեր արտահանողներին տալ ֆիքսված ապագա ռուբլու կուրս»։

Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ այժմ գազը ռուբլով գնելու շուրջ քննարկումների հնարավորություն կա. - «Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ այդ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ։ Բայց այնուամենայնիվ, այսօր արդեն առնվազն գլոբալ իմաստով այդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում, և ինչ-որ պահի, ես կարծում եմ, կդառնա շատ ավելի կոնկրետ, օրակարգային»։

2015-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր Հայաստանը պարբերաբեր բարձրաձայնել է ռուսական գազը ռուբլով գնելու անհրաժեշտության մասին։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ին առաջարկել էր տնտեսական միության ներսում փոխադարձ հաշվարկները հենց ռուբլիով իրականացնել։ Աբրահամյանը նշում էր՝ ռուբլի-դոլար-դրամ տատանումները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։

«Ռազմավարական և ԵՏՄ անդամ գործընկերներ ենք: Թող մի բան էլ իրանց ձեռք չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռք տա», - հայտարարում էր նախկին վարչապետը։

Պաշտոնապես շարունակաբար հաղորդվում էր, թե հարցը քննարկվում է, սակայն Մոսկվան այդպես էլ այդ քայլին չէր գնում։

Տարեկան Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Սահմանին «Գազպրոմը» իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիային» այն վաճառում է 1000 խորանարդ մետրը 165 դոլարով, սակայն բնակարաններում հայաստանցիները վճարում են գրեթե երկու անգամ թանկ։ Ընդ որում՝ սակագինը ապրիլի մեկից միջինը 4,1 տոկոսով կբարձրանա։

Այժմ կողմերը կկարողանան համաձայնեցնել գազի ռուբլով վաճառքը

Սուրեն Պարսյան
Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, ռուսական գազը ռուբլով գնելը հնարավորություն կտա արտաքին աշխարհի ցնցումներից ավելի լավ պաշտպանվել։ Բացի դրանից, տրանսֆերտներից ու առևտրաշրջանառությունից Ռուսաստանից Հայաստան փոխանցվող ռուսական արժույթն այդպիսով ավելի արդյունավետ կօգտագործվի. - «Ռուբլին, որը կգա Հայաստան, մենք դրանով կվճարենք նաև էներգակիրների համար, և կախվածությունը դոլարից ավելի կնվազի»։

Տնտեսագետը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, հավանական է համարում, որ այժմ կողմերը կկարողանան համաձայնեցնել գազի ռուբլով վաճառքը։

Գազը ռուբլիով գնելու խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, երբ Արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարեց՝ որոշել են «ոչ բարեկամական» երկրներին գազը հենց ռուբլիով վաճառել։

Փորձագետները կարծում են՝ այս քայլով Մոսկվան փորձում է կայունացնել սանկցիաների պատճառով կտրուկ արժեզրկված ռուբլին, նաև մեծացնել ռուբլու և թուլացնել ամերիկյան դոլարի գերիշխող դերը համաշխարհային շուկայում։

Փորձագետները նաև նշում են, որ գազը ռուբլով վաճառելու դեպքում Ռուսաստանը կկարողանա խուսափել արևմտյան մի շարք պատժամիջոցներից։

Եվրոպայում սպառվող գազի գրեթե 40 տոկոսը հենց Ռուսաստանն է վաճառում։ Եվրոպական երկրների հետ գազի վաճառքի պայմանագրերը դոլարով կամ եվրոյով են կնքված։ Միջազգային փորձագետները քիչ հավանական է, որ Ռուսաստանը կկարողանա միակողմանիորեն փոխել պայմանագրերի դրույթները։

XS
SM
MD
LG