Մատչելիության հղումներ

Միայն անցյալ տարի շուրջ 140 քրեական գործ է հարուցվել խարդախությամբ ուրիշի անունով վարկեր ստանալու համար


«Զանգ եմ ստանում Վայբեր հավելվածով անհայտ անձի կողմից։ Ասում է, որ գտնվում է բժշկական կենտրոնում, տերմինալով բուժման համար գումար է փոխանցում, սխալ հեռախոսահամար է նշում՝ մի համարի տարբերությամբ, իմ համարն է նշում, և ինձ պետք է կոդ գա, շատ է խնդրում այդ կոդը իրեն տրամադրել», - «Ազատության» հետ զրույցում ասում է Գոհար Բեգլարյանը։

Նա պատմում է, որ SMS հաղորդագրությունը ստացել էր խոսելու ընթացքում և չի կարողացել խոսելուն զուգահեռ կարդալ տեքստի լատինատառ բովանդակությունը, թե ձեր տվյալները մի փոխանցեց երրորդ անձի, ուստի միանգամից վերջին քառանիշ թիվը թելադրել էր զանգահարողին։

Այս պարզ գործողությունից հետո ID բանկում երևանաբնակ կնոջ անունով շուրջ 4 միլիոն դրամի վարկ է ձևակերպվել։ Խաբեության զոհ է դարձել ու դիմել իրավապահներին։ Պնդում է՝ պարտավոր չէ բոլոր հաղորդագրություններր կարդալ ու հետևել բոլոր ծանուցումներին։ Նեղսրտած է՝ թող անվտանգությունն ուժեղացնեն, որ այդպես հեշտությամբ մարդիկ զեղծարարների թակարդը չընկեն. - «Ինչ անվտանգության համակարգ է էդտեղ աշխատում, որ ընդամենը քառանիշ թիվը հնարավորություն է տալիս տիրանալ քո ամբողջ անձնական տվյալներին և օգտագործել այդ անձնական տվյալները վարկ ստանալու կամ այլ գործողություն կատարելու համար՝ առանց քո թույլտվության, առանց պատշաճ նույնականացման, առանց ստորագրության, առանց բանկ ներկայանալու»։

Բեգլարյանը չի կարողանում բանկին համոզել, որ մինչ իրավապահները գործին ընթացք են տվել, վարկը կամ գոնե տոկոսները կասեցվեն։

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն «Ազատությանն» ասաց, որ անգամ, եթե տեղյակ են, որ հաճախորդը զեղծարարության զոհ է, վարկը միևնույն է իր անունով է, ուրեմն պետք է վճարի։ Կրկնեց՝ էլ ինչպե՞ս հորդորեն մարդկանց, որ իրենց գաղտնաբառերը, փին կոդերը չտրամարդեն երրորդ անձին, կասկածելի զանգերին ու հաղորդագրություններին չհհավատալ ու նույնականացում չանեն։ Եթե այս կանոններին հետևեն, խնդիր չի լինի. - «Եթե դուք հիմա փորձեք ձեր բջջային հավելվածով գործողություններ անել, կամ էլ բջջային հեռախոսը տաք մի երրորդ անձի, ինքը փորձի գործողություններն ինքնուրույն անել, առանց ձեր կողմից որևէ տվյալի տրամադրման, կհամոզվեք, որ դա անհնար է տեխնիկապես։ Համակարգը էդ ամեն ինչը պաշտպանում ա»։

Միջնակարգ կրթությամբ մի երիտասարդ IDram հավելվածով միանգամից 45 հոգու անունով վարկ է ձևակերպել, խոսքը 25 միլիոն դրամի՝ ավելի քան, 50 հազար դոլարի մասին է։ Գործը դատարանում է, երտասարդը՝ կալանավորված։

Փաստաբան Գագիկ Մելիքյանն է զբաղվում տուժաներից մի քանիսի գործերով, արդեն շուրջ 30 այդպիսի գործ է ուսումնասիրել։ Չի ընդունում բանկի պաշտոնական բացատրությունը, թե պատճառը միայն օգտատերերի անզգուշությունն է. - «Դա կարելի է համեմատել մեկի հետ, ով քաջ գիտակցելով, որ իր սենյակից ինչ-որ իրեր են պակասում, դուռը բաց է թողնում և ասում՝ թող չգողանան, թող ազնվությունը էնքան լինի, որ չգողանան։ Եթե վիճակագրությունը ցույց է տալիս, որ 99 տոկոս դեպքերը կապված են Idram համակարգի և ID բանկի հետ, ուրեմն պետք է պատճառը բոլոր դեպքերում իրենց մեջ փնտրեն։ Կարծում եմ, իրենց անվտանգության համակարգը տեղի է տալիս՝ ի տարբերություն մյուս բանկերի»։

Համացանցով կամ զանգերով մարդկանց խճճելն ու նրանց անունով վարկեր ձևակերպելը լուրջ խնդիր են համարում նաև իրավապահ մարմինները։ Գլխավոր դատախազության տվյալներով, միայն նախորդ տարի, այսպիսի 138 քրեական գործ է հարուցվել, 33 մարդ մեղադրյալ է ներգրավվել։ Պատճառված վնասը՝ 136 մլն դրամ, շուրջ՝ 280 հազար դոլար, որից 10 միլիոնն է վերադարձվել։

Դատախազությունում քննված գործերով 12-ի վարույթը կասեցվել է, որովհետև հանցագործություն կատարած անձը չի հայտնաբերվել կամ թաքնվել է քննությունից։ Այս 138 քրեական գործերից փաստորեն ընդամենը 16-ն դատարան ուղարկվել՝ 22 անձի վերաբերող։

Օրեցօր ավելացող դեպքերի ֆոնին գլխավոր դատախազը դիմել էր կենտրոնական բանկի նախագահին՝ առցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործելու հարցով։ Դատախազությունում կարծում են, որ պետք է Idram հավելվածի դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը բարդացնել, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկելը կամ դրա միջոցով հաստատում պահանջելը, ըստ դատախազության, կարող են կանխել այսպիսի դեպքերը։

«Ազատությանը» Կենտրոնական բանկից գրավոր պատասխանել են, որ իրենք էլ են այսպիսի բողոքներ ստացել և, որպես բանկերը լիցենզավորող, կարգավորող ու դրանց գործունեությունը վերահսկող մարմին, հանձնարարականներ են ուղարկում ֆինանսական կազմակերպություններին, երբեմն նաև դրանց ղեկավարներին պատասխանատվության ենթարկում։

Բանկից նշել էին, որ իրենց նոր որոշմամբ էլեկտրոնային քսակները պետք է բացառապես բանկային հաշիվներին կցել ու արգելել էլեկտրոնային հաշիվներից կանխիկացումը։ Սա, ըստ նրանց, կնպաստի հնարավոր զեղծարարությունների նվազեցմանը։

ԿԲ-ից նույնպես ընգծում են, որ այսպիսի դեպքերը հիմնականում հաճախորդների կողմից իրենց տվյալների պահպանման տարրական կանոնների չիմացության հետևանք են։

ID բանկի ներկայացուցիչ Սերգեյ Առաքելյանը պնդում է՝ անվտանգության խնդիրներ չունեն, պարզապես իրենց հաճախորդների թիվն է մեծ. - «Էստեղ խոսքը չի կարող գնալ համակարգի տեխնոլոգիական պաշտպանվածության մասին։ Պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Խնդիրը պայմանավորված է հաճախորդների մեծ բազա ունենալով։ Մեր համակարգը նախատեսված է, նախագծված է՝ հնարավորություն տալու մեր հաճախորդներին, օգտատերերին հեշտությամբ օգտվել համակարգից, հեշտությամբ դառնալ համակարգի մաս և օգտվել ծառայություններից։ Այո, լինում են և եղել են այդպիսի դեպքեր հաճախորդների անզգուշության հետևանքով»։

Իրավապահները նաև պարզել են, որ զեղծարարները խաբեությամբ ստացված գումարները փոխանցում են բուքմեյքերական ընկերությունների իրենց հաշիվներին ու այնտեղից էլ փորձում կանխիկացնել։

Դատարան հասած գործերից մեկով, ըստ փաստաբանի, հենց բուքմեյքերական ընկերությունն է երիտասարդի տյալներն իրավաահներին փոխանել. - «Ասել են՝ ձեր մատնանշած գումարը ճանապարհով եկել ա և նստել ա, ասենք, Պողոս Պողոսյանի օգտահաշվին։ Հետևաբար Պողոս Պողոսյանը այնտեղ նույնականացված ա և' անձնագրով, և' հասցեով, և' հեռախոսով, և' ամեն ինչով։ Գումարի շարժի վերջնարդյունքում բուքմեյքերական ընկերությունը, բնականաբար, օգնել ա, որպեսզի կոնկրետ նույնականացնեն հանցագործին»։

Փաստաբանը կարծում է, որ ԿԲ-ն պետք է ավելի խիստ լինի բանկերի նկատմամբ։ Իսկ բանկերից հորդորում են հաճախորդներին իրենց տվյալները չփոխանցել երրորդ անձանց, որքան էլ նրանց նկարագրած պատմությունները սրտաճմլիկ լինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG