Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանը խաղաղ է, բայց այստեղ էլ դժվարությունները քիչ չեն. Հայկաձորի բնակիչ


Հազարից ավելի բնակիչ ունեցող սահմանամերձ Հայկաձորի կեսն է մնացել։ Շիրակի մարզի այս գյուղում փակ դռները տասնյակներով են հաշվվում։ Միայն այս տարի 20 հայկաձորցի հողը վարել, բայց առանց ցանքս է թողել, անասունները մորթել ու հեռացել է։

Հայկաձորը հայ- թուրքական սահմանին ամենամոտ գյուղն է։ Վարչական ղեկավար Սեյրան Սմբատյանն ասում է՝ թեև փաստացի սահմանամերձ գյուղի կարգավիճակ ունեն, բայց տեղում մարդիկ չեն զգում, որ իրենք սահման պահող են, որոշ արտոնություններ ունեն, բայց դրանք շատ չնչին են մարդկանց գյուղին կապելու համար։

Այնինչ Սմբատյանը վստահ է, որ հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի արտոնություններից ունենալու դեպքում արտագաղթը ինչ-որ չափով կդադարեր. - «Նշված է, որ մենք առանձին ենք, սահմանամերձ ենք, ուրեմն ինչ-որ արտոնություններ, առավելություններ... ընդհանուր առմամբ գործակցության մեջ բնակիչը չի զգում էդ ամեն ինչը։ Դրա համար էլ սահմանամերձ գյուղերը օր-օրի ամեն տարի դատարկվում են։ Հետաքրքրությունն է կորել»։

Ի տարբերություն հայ-ադրբեջանական սահմանի, հայ-թուրքականին սահմանամերձի կարգավիճակ ունեցող գյուղերում մարդիկ ո'չ հողի հարկի, ո'չ գազի ու լույսի վարձավաճարների զեղջերի արտոնությունից չեն օգտվում: Պետությունը հաշվի է առել, որ Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղերը պարբերաբար հարձակումների են ենթարկվում ու ռազմական գործողություններ են ծավալվում:

Հայ-թուրքական սահմանը իսկապես խաղաղ է, ընդունում է հայկաձորցի Հովհաննես Հովյաննիսյանը ու միանգամից ավելացնում՝ բայց իրենց դժվարություններն էլ քիչ չեն. - «Մեզի արտոնություն չկա։ Ըսենք, կինս գնացել է բուժման, ոչ մի արտոնություն չի էղել։ Մեկել գյուղերին ասում են հիսուն տոկոսով զեղչ անեն, մերը հարյուր տոկոսով տաս ամեն ինչը... հոսանքի վարձը, գազի վարձը։ Իսկ մնացած սահմանամերձ գոտիներում ամեն ինչը զեղչ է»։

Հայկաձորում խմելու ջրի խնդիր կա, հողերը ոռոգելի չեն, բերքը քիչ է, գյուղտեխնիկան՝ հին ու անսարք։ Գյուղը մանկապարտեզ ու մշակույթի տուն չունի։ Արդեն վեց տարի համայնքը ղեկավարող Սեյրան Սմբատյանն ասում է՝ այսպես շարունակվելու դեպքում փակ դռներով տների թիվը կգերազանցի բնակեցվածներին. - «Նույնիսկ ավելի շատ տուժվել են գյուղում մնացողները, որովհետև կապվեցին հողին... Թոշակառուներ կան, որ աշխատանքային ստաժ չունեն։ Մարդը թոշակ է ստանում՝ քսանութ հազար դրամ։ Բայց էն մարդը, որը սահմանամերձ գյուղերից տեղափոխվել էր ուրիշ տեղ, աշխատանք է եղել, իրանց թոշակները ավելի բարձր է, քան էստեղ մնացողներինը»։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն ասում է՝ սահմանամերձ գյուղերի զարգացման գործում հարկային արտոնությունների տրամադրումը կարող է լուրջ դեր խաղալ, ինչպես օրինակ Տավուշի մարզում:

Կառավարությունն այս պահին Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի համար որպես արտոնություն իր մասնաբաժինն է մեծացնում սուբվենցիոն ծրագրերում: Ի տարբերություն մյուս գյուղերի, նախակրթարանների կառուցման համար սահմանամերձ գուղերի համար 80 տոկոսը կառավարությունն է տալիս, 20 տոկոսը՝ համայնքը: Այս տարի սահմանամերձ մի քանի գյուղերում նախակրթարան կառուցելու ծրագիրը հաստատվել է, բայց ոչ Հայկաձորում. - «Սահմանամերձ բնակվայրում եթե նման ենթակառուցվածներ են զարգանում, ստեղծվում, բնականաբար, նպաստելու է էդ բնակավայրերի ամրացմանը։ Իսկ ամուր սահման ունենալու համար շատ կարևոր է զարգացած, ամուր համայնք ունենալը»։

Մեկ այլ խնդիր է սահմանամերձ գյուղի կարգավիճակի հստակեցումը։ Հայ-թուրքական 280 կիլոմետրանոց սահմանի գրեթե կեսն անցնում է Շիրակի մարզով, այստեղ 19 գյուղ կա, որոնց մի մասն ունի այդ կարգավիճակը, մի մասը՝ ոչ։ Թեև քարտեզով հստակ երևում է, որ կան սահմանին ավելի մոտ գյուղեր, բայց դրանք դեռ 98-ին կառավարության հաստատած ցանկում տեղ չեն գտել։ Թե ինչ սկզբունքով են ընտրվել գյուղերը, մարզպետարանի պաշտոնյայի խոսքով, հստակ չէ, քանի որ կառավարությունը այն ժամանակ իր որոշման մեջ չի բացատրել դա։

Այժմ, ըստ Արամ Անտոնյանի, հատկապես համայնքների խոշորացումից հետո ցանկը վերանայելու և սահմանամերձ գյուղի կարգավիճակի չափորոշիչները վերանայելու կարիք կա։ Մտադի՞ր է արդյոք կառավարությունը զբաղվել այս հարցով, առայժմ հայտնի չէ։

XS
SM
MD
LG