Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվանից դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել 2 անգամ


Հաջորդ տարվանից դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել 2 անգամ։ Օրինակ` բուհ չընդունված դիմորդները կարող են 6 ամիս անց ևս մեկ անգամ փորձել։ Երկրորդ անգամ քննություն կարող են հանձնել նաև այն դիմորդները, որոնք թեև ստացել են բավարար միավոր բուհ ընդունվելու համար, սակայն ցանկանում են իրենց ուժերը կրկին փորձել՝ առավել բարձր միավորներ հավաքելու համար։

«Դա նախևառաջ թույլ կտա դիմորդին հաղթահարելու ներքին մեծ լարվածությունն ու հուզմունքը, փորձելու ուժերը ընդունելության քննությունների համար», - ասում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։

Բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը կառավարությունը նախորդ նիստում ընդունեց։ Լուսինե Գրիգորյանը շեշտում է՝ քննությունները այսպիսով չեն հեշտանում, պարզապես դիմորդը ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել նույն տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին. «Դիմորդը կհավակնի, մուտք կգործի բուհ առավել բարձր միավորով, ավելի լավ պատրաստված»։

«Աշխարհում էլ շատ ընդունված է այս պրակտիկան, քննական կենտրոնները մի անգամ չէ, կարող ես մի քանի անգամ հանձնել։ Այդ իմաստով սա ճկունություն է տալիս», - կարծում է փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Դիմորդին պետք է հնարավորություն տալ իրեն լավագույնս դրսևորելու համար, ասում է նա, հավելելով՝ այսպիսով բուհ ընդունվելն առավել դյուրին կդառնա հատկապես այն դիմորդների համար, որոնք անբավարար գնահատական են ստացել։ Սակայն, փորձագետը նկատում է՝ թեև բուհ ընդունվելը հեշտացվում է, բայց սովորելը դեռևս չի բարդացվում։

«Մենք դեռ այդ մակարդակին չենք հասել։ Առայժմ հեշտացրել ենք ընդունելությունը, բայց սովորելու պրոցեսն էլ է դեռևս շատ հեշտ մեզ մոտ։ Դրա համար, իհարկե, պետք են համակարգային փոփոխություններ և միասնական մոտեցումներ», - ասաց նա։

Ըստ քննությունները կազմակերպող Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների՝ Հայաստանում բուհ ընդունվելու անցողիկ շեմը տարեկան 1000-3000 դիմորդ չի հաղթահարում։ Կրթության նախարարությունում սա չեն համարում դիմորդներին երկրորդ շանսը տալու պատճառ։ Ասում են՝ նպատակը առավել լավ պատրաստված դիմորդներ ունենալն է։ Վերջին տարիներին բուհ ընդունվել է 8-10 հազար դիմորդ։

XS
SM
MD
LG