Կիևի մերձակայքում գտնվող Բուզովայա գյուղում տասնյակ ուկրաինացի խաղաղ բնակիչների մարմիններով գերեզման է հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բուզովայան ընդգրկող Դմիտրով գյուղական համայնքի ղեկավար Տարաս Դիդիչին։ Դիդիչը հայտնել է, որ գազալցակայանի մոտ հայտնաբերվել է զանգվածային գերեզման՝ տասնյակ մահացածներով։ Գերեզմանում դիակների ստույգ թիվը դեռ պարզված չէ։
Ազատագրված տարածքում նրանք ուղևորների հետ միասին հայտնաբերել են նաև շուրջ մեկ տասնյակ գնդակահարված քաղաքացիական մեքենաներ։ Ըստ տեղի բնակչի, որին հաջողվել է փախչել, ռուս զինվորականները կրակել են և սպասել, որ մեքենան բռնկվի, ասել է Դիդիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր Կիևի շրջանի Բուչա քաղաքի բնակիչների ջարդերի մասին, որը նախկինում օկուպացված էր ռուսական զորքերի կողմից։ Ուկրաինան և արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, Ռուսաստանը հերքում է, թե հարձակվել է խաղաղ բնակչության վրա։