Մատչելիության հղումներ

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի, տրամաբանական կարող է լինել ԼՂ կարգավիճակը ֆորմալ չլուծված թողնելը, քանի դեռ տեղահանվածները չեն վերադարձել


illustration for material
illustration for material

Միջազգային ճգնաժամային խումբը ԼՂ վերաբերյալ ծավալուն զեկույց է հրապարակել

Տրամաբանական կարող է լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ֆորմալ չլուծված թողնելն առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ տեղահանվածներն՝ ինչպես հայերն, այնպես էլ ադրբեջանցիները չեն վերադարձել և չեն հաստատվել նոր տնտեսական հարաբերություններ համայնքների միջև, կարծում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տասնամյակներ շարունակ հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ:

«Ղարաբաղյան պատերազմից հետո խաղաղության հեռանկարների բարելավում» վերտառությամբ ծավալուն զեկույցում խումբը նոր կարգի կարևորագույն բաղադրիչ է համարում առևտրատնտեսական կապերի բացումը, որը կարող է վերջ դնել Հայաստանի 30 տարվա մեկուսացմանը։

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տնտեսական կապերին, ինչը ենթադրում է, որ Հայաստանն առևտրային կապեր կհաստատի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։

Միջազգային փորձագետները մեջբերում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որի համաձայն, նպատակ ունի ստեղծել «վեցակողմ հարթակ»՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Հայաստանի միջև։

Զեկույցի հեղինակները միևնույն ժամանակ փաստում են՝ այդ կապերի և ենթակառուցվածքների վերականգնման համար ժամանակ կպահանջվի։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա փորձագետների գնահատմամբ, հեռանկարները մոտ ապագայում մշուշոտ են, բազմաթիվ են ենթակառուցվածքային խնդիրները՝ գազի մատակարարում, նաև ջրամատակարարման նոր ծրագրի անհրաժեշտություն, քանի որ Ստեփանակերտ հոսող Շուշիի մերձակայքի ջրամբարի ջուրն այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ է։

«Հստակ չէ նաև գյուղատնտեսության ապագան, որը ղարաբաղյան տնտեսության հիմնական ճյուղերից մեկն էր։ Պատերազմի հետևանքով մշակվող տարածքների մեծ մասն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ», - նաև ասվում է հեղինակավոր կառույցի զեկույցում։

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցին՝ Միջազգային ճգնաժամային խումը փաստում է, որ սա թերևս ամենամեծ և կենտրոնական հարցն է։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի այն հատվածի կարգավիճակի հարցը, որը չի գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, որտեղ տեղակայված են ռուսաստանյան զորքեր և որտեղ բնակության են վերադառնում էթնիկ հայերը։

Խումբը հիշեցնում է Ալիևի վարչակազմի հայտարարությունները, ըստ որոնց, «այդ տարածքները Ադրբեջանինն են և այնտեղ բնակվող բոլոր հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են»։

«Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ցանկացած քննարկում, և չի ցանկանում առաջարկել ոչինչ, բացի տեղական ինչ-որ չափի վերահսկողությունից։ Հայերն իրենց հերթին շարունակում են պնդել, որ կարգավիճակը պետք է արտացոլի Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման ձգտումը»։

Հստակ չէ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան։ Միջազգային ճգնաժամային խմբի կարծիքով, եթե կարգավիճակի և տարածաշրջանի երկարաժամկետ ապագայի շուրջ բանակցությունները արդյունք չտան, Մինսկի խմբի համանախագահները և մյուսները կարող են քայլեր ձեռնարկել պատերազմում տուժածների պայմանների բարելավման ուղղությամբ։

Երբ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները վերադառնան, նոր համակեցություն կստեղծվի և ոչ մեծ մարդասիրական քայլերն ինչ-որ ձևով կարող են օգնել կայունության և խաղաղության զարգացմանը։ Զեկույցի հեղինակները կարծում են, որ ԵԱՀԿ-ն, որպես կառույց, կարող է իր դերակատարությունն ունենալ՝ ուղարկել սեփական առաքելությունը և դիվանագետներին՝ հակամարտող և շահագրգիռ կողմերի հետ տեղում աշխատելու՝ ապահովելու հումանիտար օգնություն, լսելու մարդու իրավունքների և կամ այլ խնդիրների մասին։ ԵԱՀԿ-ի ներկայության առավելություններից կլինի կառույցի զեկույցները, որոնք, եթե հրապարակվեն, ինչ-որ չափով կարող են նպաստել տարածվող կողմնակալ տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պայքարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG