Մատչելիության հղումներ

Շահագործումից 2-3 տարի անց Գյումրիում հիմնանորոգված փողոցներում փոսեր ու ճաքեր են հայտնվել


2015-ին՝ Սահմանադրական հանրաքվեից ընդամենը 2 օր առաջ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին նախագահական հրավիրեց ու հայտարարեց՝ Գյումրիում 23 մլն եվրոյի փողոցաշինության ծրագիր են սկսում:

«Եթե դու հրապարակավ խոստանում ես որ էդ գումարները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին ցենտը կուղղվի Գյումրու բարեկարգմանը, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը, և շատ կարճ ժամանակ հետո պետք է ձևավորել ծրագրի իրականացման գրասենյակ ու այդ աշխատանքները ավարտել», - նշել էր Սերժ Սարգսյանը:

Գործընթացը, որ պիտի սկսվեր անմիջապես՝ հենց հաջորդ երկուշաբթի, շարունակվեց մոտ երկու տարի։ Բուն շինարարական աշխատանքները միայն հեղափոխությունից հետո մեկնակեցին: Պարզվեց նաև, որ խոստացված 23 մլն եվրոն, ոչ թե պետական բյուջեից էր, այլ՝ արտոնյալ վարկ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ)։ Ընդ որում, այդ պարտքը պետք է մարի Գյումրիի համայնքապետարանն՝ իր սուղ բյուջեի հաշվին:

Անցած երեք տարում այս ծրագրով արդեն ավարտվել, կամ՝ ընթացքի մեջ է 34 փողոցի ու 4 հրապարակի շինարարություն: Գյումրեցիների ուրախությունը, սակայն, երկար չի տևել։

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով վերանորոգված փողոցներում շահագործումից 2-3 տարի անց առաջացել են փոսեր ու ճաքեր: Ո՞րն է պատճառը անորակ շինաշխատանքներ, թե՞ թույլ վերահսկողություն: Պարզվեց՝ այս հարցի պատասխանը չունի նաև շինարարության պատվիրատուն՝ Գյումրիի քաղաքապետարանը։

Գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը խոստովանում է՝ դեռևս չի հաջողվում իդեալական ճանապարհներ կառուցել: Փորձել են պարզել՝ որն է պատճառը․ ստուգել են, ուսումնասիրել, բայց առայժմ միայն մեկ մեղավոր են գտել՝ Գյումրիի եղանակը:

«Դե գիտեք մեր մոտ եղանակային պայմանները շատ կոնտինենտալ են, ամառ-ձմեռ էդ տարբերությունը շատ է, կարող է ինչ-որ տեղեր որոշակի թերություններ լինեն ասֆալտների շերտերի կամ առանձին հատվածների միջև, էնտեղ ճաքեր կամ ինչ-որ բաներ առաջացած լինեն, և սառույցների ջրային էդ հոսքերի ազդեցությամբ կարող է որոշ հատվածներ նման բաներ լինեն: Իդեալական չեն կարող լինել, ամեն դեպքում, դրանք հաշվարկված են, որ ցանկացած շինարարության մեջ էլ թերություններ կան, կլինեն, իդեալական չեն», - ասաց գլխավոր ճարտարապետը:

Գասպարյանը հավաստիացրեց՝ եթե շինարարությունը անորակ լիներ, քաղաքապետարանը որպես պատվիրատու աշխատանքը չէր ընդունի: Մյուս կողմից, ընդունում է, որակյալ նորոգված ճանապարհներն առնվազն 10-15 տարի պետք է ծառայեին, առաջին փոսերն ու ճաքերն էլ պետք է ի հայտ գային ամենաքիչը 5 տարի անց։

«Սկսում ենք 2-3 տարի անց, որովհետև որոշակի թերություններ եղել են ընթացքում և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Ժամանակի շինանյութը անցել է լաբորատոր քննություն և հավանության արժանանալուց հետո է շինարարություն արվել: Հնարավոր է, որ ինչ-ո տեղեր կարող է ավազի կամ բիտումի հետ կապված խնդիրներ են եղել, բայց դրանք շատ լոկալ, քիչ տարածքների մասին է խոսքը, կամ շինարարի անբարեխիղճ աշխատանքի շնորհիվ կարող է եղած լիներ ինչ-որ տեղեր», - ասաց ճարտարապետը:

«Ազատության» հարցին՝ կա՞ սահմանված պատժամիջոց, որ հետո շինանարարները նույն սխալը չկրկնեն, Գասպարյանը պատասխանեց. «Դե ինքը իր միջոցներով վերականգնելու է այդ բոլորը»:

Իրականում, սակայն, այդ պատիժը ոչ բոլորին է սպառնում: Փաստացի, ըստ պայմանագրի, ճանապարհների երաշխիքային սպասարկման համար նախատեսված է մեկ տարի։ Դրանից հետո հարց է՝ կկարողանան գտնել կառուցապատողին և համոզել, որ թերությունները շտկի։

Շինարարներից Սիսիան ԲՈՒԱՏ ընկերությունն, օրինակ, աշխատանքներն ավարտել ու հեռացել է․ պատասխանատու չկարողացանք գտնել:

Գյումրիում գործող «Մերձմոսկովյան Ընկերությունը», որը թերևս ամենաշատն է ընդգրկված ճանապարհաշինական ծրագրերում, քաղաքի ամենաերկար ու ամենաբանուկ փողոցի՝ Երևանյան խճուղու շինարարն է։ Այստեղ համաձայնեցին պարզաբանել, թե ինչն է պատճառը, որ նորոգված հատվածներում արդեն ի հայտ են եկել փոսեր ու ճաքեր: Նախ նշեցին, որ խճուղին ոչ թե հիմնանորոգվել է, այլ՝ նորոգվել, քանի որ հիմնային աշխատանքներ չեն իրականացվել։ Ընկերության ներկայացուցիչ Խաչիկ Ղարիբյանը պատմեց՝ հեռացրել են ասֆալտի վերին շերտն ու փոխարինել նոր՝ 5 սմ-անոց շերտով:

«Ինչպես տեսնում եք հին ծածկույթի և նորի կառուցման, հալացման մասն է, այսինքն այն մասը, որտեղ երկուսն իրար հետ կցում է տեղի ունեցել, քանի որ տարբեր կոմպոնենտներ են, հնարավոր է, որ տարբեր ծանրաբեռնվածության տակ են, տարբեր մատերիալները իրար հետ համասեռ չեն լինի, այս պրոցեսները առաջ են գալիս: Եթե փոսի լայնությունը մինչև 5 սմ է կա՛մ բիտումով, կա՛մ բիտումի մաստիկայով են լցոնում կատարում, եթե 5 սմ-ից արդեն լայն են ճաքերը, ուղղանկյունաձև փոսեր են բացվում համապատասխան կոնտուրներով փոսային նորոգում է արվում», - ներկայացրեց Ղարիբյանը:

Մինչ վարորդները հաշվում են, թե քանի ամիս է ճանապարհը անթերի մնացել, շինարարն այլ հաշվարկներ է մեջբերում: Ղարիբյանի խոսքով, իրենք նորոգել են 56 հազար քառակուսի մետր, թերությունները մեկ տասնյակ քառակուսի էլ չեն կազմում, ինչը, նրա խոսքով, համապատասխանում է շինարարական նորմերին: Քաղաքապետարանից, սակայն, նման հաշվարկներ չեն տրամադրել:

«Չորրորդ ձմեռն է անցել վերակառուցման ժամանակից, այնպես որ առաջացած այս փոքր թերությունը, ցանկալի էր, որ չլիներ, բայց քանի որ գոյություն ունի, տեսնում ենք վիճակը, շինարարական նորմերին ու տեխնիկական պահանջներից դուրս չեն, հնարավոր են այս տիպի բաներ», - նշեց Ղարիբյանը:

Վարկածը, թե օգտագործվող շինանյութը՝ բիտումն ու ավազն անորակ են եղել, ճանապարհաշինարարը կտրականապես հերքեց: Հակադարձում է՝ այդ դեպքում փոսեր ի հայտ կգային ոչ թե առանձին, այլ՝ փողոցի ամբողջական հատվածում. «Ասֆալտն էլ, որ պատրաստում ենք, նույն ձևի ասֆալտն ուղարկվում է լաբորատորիա, ստուգում են խտությունը, ամեն ինչը փորձաքննություն է անցնում, եթե համատարած լինի, կամ կախված լինի, բիտումից, կամ ասֆալտի փռման ջերմաստիճանից, այս թերությունը համատարած կլիներ, ոչ թե կքանդվեր ընդամենը այսքանը»:

Թեև շինկազմակերպությունը չի ընդունում, թե աշխատանքի ընթացքում եղել են բացթողումներ, սակայն, համաձայնել է ի հայտ եկած թերությունները շտկել՝ սեփական միջոցների հաշվին։ Թե՛ պատվիրատուն, թե՛ շինարարական կազմակերպությունները պնդում են, որ աշխատանքի ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվում, և ճանապարհները շահագործման են հանձնվում միայն ստուգումներից հետո, սակայն անկախ մասնագետները դեռ 2018-ին մի շարք թերություններ էին արձանագրել, որոնք փաստացի դուրս էին մնացել վերահսկողների աչքից:

«Կոմպաս» Հասարակական կազմակերպությունը շինարարության մեկնարկից մեկ տարի անց արդեն մատնանշել էր թերությունները` ասֆալտի որակից մինչև հետիոտների տեղաշարժի համար նախատեսված նորմերի խախտումներ, ասում է ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը:

«Մենք նաև լաբորատոր փորձաքննության ենթարկեցինք ասֆալտի շերտը, որը ասֆալտ-բետոնե ծածկից էր վերցվել և անկախ լաբորատոր փորձագիտական կազմակերպություն էր, դրանք նաև որոշակի նորմատիվների խախտումներ ունեին, որոնք նույնպես ներկայացվեցին: Մյուս խախտումները նաև վերաբերում էին, օրինակ, բետոնե շերտի, մայթեզրերի հետ կապված, երկշերտ ասֆալտ-բետոնե շերտերի հաստությունների հետ կապված, որ նորմերը չէին պահպանվել, և նաև հիշում եք, որ հետիոտների անցուդարձի հետ կապված լուրջ խնդիրներ էր առաջացրել, որը որպես նաև էլի նորմատիվ ակտերով ամրագրված էր, որ պետք է պահպանվեր այդ նորմերը, որպեսզի աշխատանքները չխանգարեին հետիոտների անցուդարձին, այդ ցեխային կույտերը չառաջանային և այլն», - նշեց Հարությունյանը:

Մոնիտորինգն իրականացրած 25 հոգանոց աշխատանքային խմբին հաջողվել էր այնքան ծանրակշիռ խախտումներ հայտնաբերել, որ դրանց հիմքով դատախազությունը քրեական գործ էր հարուցել, հիշում է Հարությունյանը:

«Նույնիսկ դատախազության կողմից քրեական գործ հարուցվեց ու հետագայում այդ խախտումները վերացվեցին ու այդ հիմքով կարճվեց: Կարող եմ ասել, որ այն, ինչ արձանագրվել էր, որոշակի փոփոխությունների ենթարկվեց և այդ արձանագրումները, այսինքն մոնիտորինգի արդյունքները իրենց ազդեցությունը ունեցան: Այսինքն եթե հիմա խնդիրներ ենք արձանագրում, չենք կարող ասել՝ եթե այդ փոփոխությունները տեղի չունենային ինչ ավելի մեծ խնդիրներ կարող էին լինել: Բայց որ այդ խնդիրները նաև այդ ճաքերը և այլն, միանշանակ, նաև կապված են նախկինում կատարված աշխատանքի նորմերի խախտմամբ, կարծում եմ, դա այդպես է, որովհետև այդ նորմերը բավական մասնագիտական մշակման արդյունքում են ամրագրվել և եթե պահպանվեն նորմերն ու նորմատիվները, կարծում եմ, շատ ավելի քիչ խնդիրներ առաջ կգան», - ընդգծեց նա:

Կրկնվե՞լ են արդյոք այդ խախտումները քրեական գործը կարճելուց հետո, թե՞ ոչ` չգիտեն: 2019-ից անկախ փորձագետներն այլևս ուսումնասիրություններ չեն իրականացրել, քանի որ դրամաշնորհով սկսված մոնիտորինգի ծրագիրն այլևս ավարտվել է:

XS
SM
MD
LG