Մատչելիության հղումներ

Գյումրիում ճանապարհաշինության շուրջ հանրային քննարկումն անցավ թեժ մթնոլորտում


«Կոմպաս» հասարակական կազմակերպությունը Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի մոնիտորինգ է իրականացնում և այսօր հանրային քննարկում էր կազմակերպել, որտեղ ներկայացվեցին այն խնդիրները, որոնք արձանագրվել են:

Ճանապարհաշինության հիմնական ֆինանսավորողը Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկն է, նաև Համաշխարհային բանկը:

Հիմնական դժգոհությունը շինարարության տեմպերն են: Իսկ առջևում ձմեռ է, որը մեծ անհարմարություններ է ստեղծելու և՛ վարորդների, և՛ հետիոտների համար:

«Երևանյան խճուղին Մուշ-2-ին միացնող ճանապարհը, այդ երկուսի համար սահմանված է վերջնաժամկետ մինչև հունվարի 1-ը: Պայմանագիրը նաև հնարավորություն տալիս է 65-օրյա լրացուցիչ ժամկետի, բայց դա կարող է հասնել մինչև փետրվարի վերջ կամ մարտի սկիզբ, և արդեն անհասկանալի է, թե ասյ տեմպերով հնարավոր է արդյոք այդ փողոցները ամբողջությամբ ասֆալտապատել», - ասաց «Կոմպասի» նախագահ Ղարիբ Հարությունյանը:

Գյումրիի բնակիչներից Տիգրան Պետրոսյանը հակադարձեց․ - «Եթե շինարարության ավարտը հունվարի 1-ն է, պլյուս 60 օր․․․ Շիրակի ձմեռը կյանքում թույլ չի տա փողոցաշինություն իրականացնել»:

Քննարկման մեկ այլ մասնակից գյումրեցի ասաց․ - «Այն, ինչ արվում է, համարժեք չէ շինարարության մասշտաբներին: Թող ռադիկալ որոշումներ լինեն»:

Քննարկմանը մասնակցում էր նաև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից Միշա Պողոսյանը, ով դժգոհեց, թե շինարարության պատճառով իր բիզնեսը փակման շեմին է․ - «Մենք ամսական ունենք 800 հազար դրամի պարտավորվածություն, որոնք, ասենք, մեր կոչերին կընդառաջեն, կդիմանան մինչև մարտ ամիս: Բայց հարկային ու մյուս մարմինները, որոնք մեզ պարտավորեցնում են հարկեր վճարել, տարածքի վարձը, մյուս ծառայությունների համար վճարը․․․ նրանք հանդուրժող չեն մինչև մարտ ամիսն իմ հանդեպ: Եթե ես մի քանի օր հետո իմ բիզնեսը փակեցի, որի վտանգը կա արդեն, ես արդեն տասն օրից ավել չենք աշխատում այդ նույն շինաշխատանքների պատճառով, որի մասին ինձ չի ծանուցվել: Ես առավոտ գալիս եմ գործի, տեսնում եմ, որ իմ սեփական օբյեկտի դիմաց փորել են․․․ Ես անցած ամիս 5 միլիոն շրջանառություն եմ ունեցել, էս ամիս՝ զրո»:

Քննարկումը բավականին թեժ մթնոլորտում անցավ, մի պահ անգամ բուռն բանավեճ ծավալվեց շինարարի ու ներկաների միջև:

Որոշվեց ստեղծել օպերատիվ կառավարման խումբ ստեղծել, որը կզբաղվի շինարարության ընթացքում առաջ եկած թերությունների վերացմամբ:

Ի դեպ, նաև որակի վերահսկողության մոնիտորինգ են իրականացրել, որն առանձին կներկայացնեն:

Իսկ երկու շաբաթից Գյումրիի քաղաքապետարանն է նախաձեռնել հանրային քննարկում անցկացնել նույն փողոցաշինության ծրագրի ընթացքում առաջ եկած խնդիրների հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG