Մատչելիության հղումներ

Արցախի ԱԱԾ կազմում մարտական ստորաբաժանում կստեղծվի


Արցախի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում
Արցախի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում

Արցախի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում․ խորհրդարանը երեկ միաձայն հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին։

Նախագծի հիմնավրոման մեջ կարդում ենք՝ «ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը»:

Սեյրան Հայրապետյան
Սեյրան Հայրապետյան

Արցախի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Ազատությանը» ասաց՝ ստորաբաժանման գործառույթների մասով շատ մանրամասներ փոխանցել չի կարող, նիստը փակ է եղել։ Միևնույն ժամանակ նշեց՝ առանձնահատուկ ոչինչ չկա, օրենսդրական բացը լրացնելու համար է փոփոխությունը բերվել։

«Ինչ-որ պետք է եղել, հենց պաշտոնական տեղեկագրերում կա․ մարմինների սովորոական գործառույթներն է, որոնք որ օրենսդրական ինչ-որ բաց է եղել ժամանակի ընթացքում, լրացում է կատարվել, առանձնահատուկ ոչինչ չկա։ Բոլոր օրենքների մեջ կատարվող փոփոխությունները՝ ոչ միայն այդ, միտված են՝ թե՛ ծառայությունների, թե՛ մյուս գործունեությունների արդյունավետ կառավարման համար, ուրիշ առանձնահատուկ բան չկա», - ասաց Արցախի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահը։

Հայրապետյանը նաև նշեց՝ նոր ստարաբաժանման գործառույթները չեն համընկնում ՊԲ գործառույթների հետ։

«Ամեն ծառայություն իր գործառույթներն է կատարելու․ Պաշտպանության բանակն իր գործառույթները, մյուս կառույցներն իրենց գործառույթներն են կատարելու, չկա այդպիսի բան մեկը մեկով փոխարինելու, էդպիսի միտում չկա», - ասաց պատգամավորը։

Ստեղծվելիք ստորաբաժանումը «չի կարող փոխարինել ՊԲ-ին»

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ևս շեշետադրում է՝ այս ստորաբաժանումը ոչ մի կերպ չի կարող փոխարինել Արցախի պաշտպանության բանակին, նպատակը ամբողջովին այլ է։

«Այս գործընթացը վաղուց էր սկսվել՝ դեռև ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Նպատակը՝ պաշտպանության միջոցները դիվերսիֆիկացնելն է։ Այսինքն՝ ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատրաստված ու ավելի մոբիլ խմբեր ունենալը, որպեսզի կարողանանք դիմակայել տարբեր անվտանգային մարտահրավերներին։ Սա ղարաբաղյան երկրորդ պատերազմում գրանցված մեր անհաջողություննների, մեր մարտավարական սխալների արձագանքն է։ Սա փոխարինության չի գալու պաշտպանության բանակին։ Ամենայն հավանականությամբ, այդպիսի մանիպուլյացիաներ ու սպեկուլյացիաներ կտարածվեն հայկական մամուլում, բայց կարող եմ վստահեցնել, որ սա պարզապես նոր զուգահեռ կառույց է, որի նպատակների մասին արդեն ասացի», - ասաց քաղաքագետը։

Թե մարտական ստորաբաժանման կամզավորումը երբ է նախատեսվում, ինչ թվաքանակով և ում ենթակայության տակ, դեռ չի հաղորդվում։

XS
SM
MD
LG