Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Օսկարի» մասնակիցներն այս տարի բաղձալի արձանիկների համար պայքարելուց բացի նախ և առաջ իրենց համերաշխությունը հայտնեցին Ռուսաստանի դեմ արդեն ավելի քան մեկ ամիս պատերազմող Ուկրաինային։
Երեկ երեկոյան Հոլիվուդի Դոլբի թատրոնում էկրանին հայտնված հայտարարությամբ Ամերիկյան կինոակադեմիայի անդամներն ու ներկաները ուկրաինացի ժողովրդին իրենց աջակցությունը հայտնեցին՝ ընդգծելով, որ միլիոնավոր ընտանիքներ այժմ սննդի, բժշկական օգնության, մաքուր ջրի և շտապ օգնության կարիք ունեն: Մեծ էկրանին հայտնված հայտարարության մեջ ասվում էր նաև, որ միջազգային հանրությունը կարող է և պետք է անի ավելին՝ աջակցելով Ուկրաինային ինչով կարող է։ 3 ժամ տևած միջոցառման ընդմիջման ժամանակ կազմակերպիչները հոլովակներ են ցուցադրել՝ կոչ անելով նվիրատվություններ անել։
Արդեն 94-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց Շան Հեդերի «ՔՈԴԱ» կինոնկարը։
«ՔՈԴԱ»-ն, որը թարգմանաբար նշանակում է՝ խուլ մարդու երեխա, ներկայացնում է Մասաչուսեթս նահանգի Գլասթիր քաղաքում խուլ ձկնորսների ընտանիքում ապրող մի երեխայի՝ Ռուբիի պատմությունը։ Ի տարբերություն իր ընտանիքի անդամների, Ռուբին լսողական խնդիրներ չունի ու ժեստերի լեզվով թարգմանելով՝ օգնում է նրանց հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Երաժշտությամբ տարված Ռուբին, սակայն, երազում է քոլեջ հաճախելու մասին, ինչի համար պետք է բաժանվի իր հարազատներից:
«ՔՈԴԱ»-ն հաղթող ճանաչվեց նաև լավագույն երկրորդ պլանի դերասան և լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում։ Թրոյ Քոցուրը պատմության մեջ առաջին խուլ դերասանն է, որ հաղթող ճանաչվեց «Օսկար»-ի լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում։
Ըստ կինոքննադատների՝ իրական հաղթանակն այս տարի առաջին հերթին այն էր, որ խուլ ու լսողական խնդիրներ ունեցող մարդկանց մասին ֆիլմեր Օսկարի էին ներկայացվել։ Բացի «ՔՈԴԱ»-ից, «Օսկարի» հավակնորդների ցանկում էր նաև կինոռեժիսոր Մեթյու Օգենսի «Լսելի» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Մերիլենդ նահանգի խուլերի դպրոցի ավագ դասարանի աշակերտների կյանքը, և թե ինչպես են նրանք բախվում լսող աշխարհի իրողություններին:
Լավագույն տղամարդ դերասան անվանակարգում օսկարի արժանացավ Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքա» ֆիլմում թենիսի մեգաաստղ Սերենա Ուիլյամսի հոր՝ Ռիչարդ Ուիլյամսին մարմնավորելու համար։ Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող ճանաչվեց Ջեսիկա Չեսթեյնը՝ «Թեմմի Ֆեյի աչքերը» ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու համար։
Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Ջեյն Քեմփիոն՝ «Շան ուժը» ֆիլմի համար, իսկ լավագույն լիամետրաժ վավերագրական անվանակարգում հաղթող ճանաչվեց «Սոուլի ամառը» կինոնկարը։ Ամենաշատ արձանիկներ ստացավ «Ավազաբլուր» գիտաֆանտաստիկ ֆիլմը՝ հաղթելով վեց տարբեր անվանակարգերում։
Երեկոն, սակայն, առանց սկանդալի չանցավ, և դրա կենտրոնում նախքան գլխավոր մրցանակը ստանալը հայտնվեց դերասան Ուիլ Սմիթը։ Երբ միջոցառումը վարող Քրիս Ռոքը կատակեց Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի թեմայով, Ուիլ Սմիթը բեմ բարձրացավ ու հարվածեց հաղորդավարին։
Ջադա Սմիթը անցյալ տարի դեկտեմբերին ինստագրամյան հրապարակում էր արել՝ անդրադառնալով իր մազաթափությանը, որը հիվանդություն հետևանք է։ Ուիլ Սմիթի կոշտ արձագանքը թերևս այդ պատճառով էր։ Րոպեներ անց՝ գլխավոր մրցանակը ստանալիս Սմիթը ներողություն խնդրեց Կինոակադեմիայից ու գործընկերներից, բայց ոչ Քրիս Ռոքից: