Մատչելիության հղումներ

Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի մասին պատմող ֆիլմերը՝ «Օսկար»-ի բազմաթիվ անվանակարգերում


Այս տարի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված կինոնկարներից երկուսը՝ CODA-ն (Child of Deaf Adult, թարգմանաբար՝ խուլ մարդու երեխա) և «Լսելի»-ն, ընգրկվել են բազմաթիվ անվանակարգերում։ Արդյո՞ք կարժանան «Օսկար»-ի, պարզ կդառնա մի քանի օրից, բայց իրական հաղթանակն այն է, որ երկու ֆիլմերն էլ ներկայացնում են լսողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի պատմությունները։

Շան Հեդերի «ԿՈԴԱ» ֆիլմը ներկայացնում է Մասաչուսեթս նահանգի Գլասթիր քաղաքում խուլ ձկնորսների ընտանիքում ապրող մի երեխայի՝ Ռուբիի պատմությունը։ Ի տարբերություն իր ընտանիքի անդամների, Ռուբին լսողական խնդիրներ չունի ու ժեստերի լեզվով թարգմանելով՝ օգնում է նրանց հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Երաժշտությամբ տարված Ռուբին, սակայն, երազում է քոլեջ հաճախելու մասին, ինչի համար պետք է բաժանվի իր հարազատներից:

Կինոռեժիսոր Մեթյու Օգենսի և պրոդյուսեր Նայլ ԴիՄարկոյի «Լսելի» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացնում է Մերիլենդ նահանգի խուլերի դպրոցի ավագ դասարանի աշակերտների կյանքը, և թե ինչպես են նրանք բախվում լսող աշխարհի իրողություններին:

«Սա առանձնահատուկ ու համարձակ դեռահասների մասին պատմություն է»,- ասում է ռեժիսոր Մեթյու Օգենսը, - «այն իրական կյանքի խնդիրների ու կոնֆլիկտների, այդ թվում՝ բուլինգի և հոգեկան առողջության մասին է... ինքնասպանության ու մարդկային հարաբերությունների մասին»։

«Լսելի» ֆիլմի պրոդյուսեր, ակտիվիստ Նայլ ԴիՄարկոյի խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է խուլ մարդկանց կյանքը, բայց առանց թարգմանչական միջամտության։ «Մի բան մեզ համար հստակ էր՝ ֆիլմը չպետք է հնչյունավորվի։ Մեր թիմը միակարծիք էր, որ ֆիլմն պետք է հնարավորություն տա մարդկանց ընկղմվել խուլ մարդկանց աշխարհ՝ կորցնելով, ըստ էության, իրականության հետ կապն ու զգացողությունը», - ասում է պրոդյուսերը, ով ևս լսողական խնդիրներ ունի։

Ըստ ԴիՄարկոյի՝ «Լսելի» ֆիլմը ուղերձն այն է, որ չկա այնպիսի բան, որ խուլ և լսողական խնդիրներով մարդիկ չկարողանան անել. - «Մենք լսող մարդկանցից ոչնչով չենք տարբերվում, և ավագ դպրոցում առերեսվում ենք միևնույն խնդիրներին: Իհարկե, չափահաս տարիքում մեր բոլորիս խնդիրները՝ լինեն դրանք հոգեկան առողջություն, ընկերության,թե անձնական հարաբերություններին վերաբերող՝ միանգամայն նույնն են ու համամարդկային»:

«Գալոդեթ» համալսարանի խուլ և վատ լսող ուսանողներն ու դասախոսները քննարկել է ֆիլմերի կարևորությունը։ «Անհավատալի է, որ խուլ մարդկանց պատմությունները վերջապես հայտնվում են մեծ էկրանին։ Ավելի քան ոգեշնչող է, երբ մեր խնդիրները ներկայացվում են լիամետրաժ կինոնկարներում։ Այն էլ՝ երկու նմանատիպ ֆիլմ այդքան կարճ ժամանակահատվածում, չգիտեմ՝ անհավատալի ու չլսված բան է», - ասում է «Գալոդեթ» համալսարանի երիտասարդական ծրագրերի համակարգող Քեյսի Ջոնսոն-Պասկան։

«ԿՈԴԱ» ֆիլմը Էլիաս Ասեֆային օգնել է ավելի լավ հասկանալ լսողական խնդիրներ ունեցող մարդկանց երեխաների ապրումները։ Ըստ Էլիասի, հակառակ այն իրողության, որը ներկայացված է ֆիլմում՝ խուլ մարդիկ իրական կյանքում այդքան էլ թարգմանիչների կարիք չունեն։

«Օրինակ՝ կարող ենք տեքստեր գրել: Այո, դա կարող է երկար տևել, բայց շատ օգտակար է հաղորդակցության հմտությունները զարգացնելու համար: Նաև՝ մի թերագնահատեք ժեստերի լեզուն: Մենք կարող ենք օգտվել նաև հեռախոսներից, iPad-ներից, տարբեր սարքերից։ Պետք է կարողանանք օգտվել նորագույն տեխնոլոգիայից», - ասում է «Գալոդեթ» համալսարանի ուսանողը:

Հաննա Ջոնսթոն Շոուի խոսքով՝ մարդիկ սովորաբար խտրական վերաբերմունք են ցուցաբերում խուլ մարդկանց նկատմամբ և հաղորդակցության համար հաճախ դիմում են նրանց երեխաներին։ «Օրինակ, երբ լսող մարդը ցանկանում է շփվել ինձ հետ, նրանք հաճախ քրոջս են նայում, որ միջամտի: Նա ինձնից փոքր է, ես եմ մեծը։ Նրանք պետք է ինձ հետ խոսեն: Ֆիլմում ես նկատեցի դա ու կարող եմ ինձ նույնականացնել հերոսի հետ։ Ինչո՞ւ եք քրոջս նայում՝ ինձ նայելու փոխարեն»,- ասում է Հաննա Ջոնսթոն Շոուն:

Լսողական խնդիրներ ունեցող մարդիկ հույս ունեն, որ այս մրցանակակիր ֆիլմերի շնորհիվ իրենց դժվարությունները ավելի պարզ և ընկալելի կդառնան լսող մարդկանց համար։

«Կարծում եմ՝ ֆիլմերի միջոցով նոր դռներ են բացվում: Մենք հիմա չենք առնչվում նույն խոչընդոտներին: Մենք մեզ ավելի լսված ենք զգում, երբ տեսնում ենք մեր պատմությունները էկրաններին, երբ տեսնում ենք խուլ ռեժիսորների, պրոդյուսերների, մեզ համար այլևս չկան պատնեշներ, մենք կարող ենք ցանկացած աշխատանք կատարել», - ասում է «Գալոդետ» համալսարանի երիտասարդական ծրագրերի համակարգող Քեյսի Ջոնսոն-Պասկուան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG