Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դիտարկում է որոշ ռուսաստանյան կայքերի արգելափակման հնարավորությունը


Ադրբեջանի կառավարության շենքը Բաքվում
Ադրբեջանի կառավարության շենքը Բաքվում

Ադրբեջանի կառավարությունը դիտարկում է երկրում որոշ ռուսաստանյան կայքերի արգելափակման հնարավորությունը, որոնք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ տեղեկատվություն են տարածում», ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը։

«Համապատասխան միջոցներ կարող են ձեռնարկվել այն կայքերի գործունեության հետ կապված, որոնք հրապարակում են Ադրբեջանի շահերի և տարածքային ամբողջականության դեմ ուղղված տեղեկատվություն», - գերատեսչության պատասխանն է մեջբերում ԱՊԱ-ն։

Թե որ ռուսաստանյան կայքերի մասին է խոսքը և կոնկրետ ինչ տեղեկատվություն են տարածել, չի հաղորդվում։

Անցած օրերին հաղորդվել է, որ «Ռոսկոմնադզորը» Ռուսաստանի տարածքում արգելափակել է մի շարք ադրբեջանական ռուսալեզու կայքեր։ Ադրբեջանի մամուլի խորհուրդը դատապարտել էր ռուսական կողմի այդ որոշումը։ «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը դժգոհ է ռուս-ուկրաինական զինված հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ գնահատականներից», - հայտարարել էր ադրբեջանական լրագրողական կազմակերպությունը։

XS
SM
MD
LG