Մատչելիության հղումներ

Ադրբեջանը` համացանցի ազատությունը սահմանափակող երկիր


Աշխարհում ինտերնետի ազատության սահմանափակման զեկույցում Freedom House-ը Հայաստանին չի անդրադարձել։

Freedom House-ը հրապարակել է աշխարհում ինտերնետի ազատության սահմանափակման զեկույցը, որով ամփոփել է 2011 թվականի հունվարից 2012 թվականի մայիս 47 պետություններում արձանագրած միտումները։

«Ազատությունը համացանցում 2012» վերնագրած զեկույցում հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փորձագետները նշում են, որ «հարձակումներն ինտերնետի վրա ավելի հաճախակի են դարձել, իսկ ամբողջատիրական վարչակարգերը սկսել են ավելի հմուտ եղանակով կիրառել համացանցի հնարավորությունները»։

Խոսքը ինտերնետը «ֆիլտրով անցկացնելու» եւ անցանկալի կայքերը արգելափակելու տեխնիկական հնարքների, ինչպես նաեւ համացանցում ազդեցություն վաստակած ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելու կամ բանտարկելու մասին է։

Համացանցը լուրջ ճնշումների է ենթարկվում Չինաստանում, Ռուսաստանում, Բահրեյնում, Բուրմայում, Սիրիայում, Ուզբեկստանում, Սաուդյան Արաբիայում եւ այլ երկրներում։ Դրանցից մեկը, ըստ «Ազատությունը համացանցում 2012» զեկույցի` «մասամբ ազատ» Ադրբեջանն է, որը «Լիբիայի, Պակիստանի եւ Ռուսաստանի հետ միասին տեղ է գրավել առավելապես ակնհայտ վատթարացում գրանցած պետությունների խմբում»։

Ադրբեջանի մոտ 9 միլիոն 300 հազար բնակչության շրջանում 2011-ին ինտերնետի տարածվածությունը 50 տոկոսի է հասել։ Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում տեղի կունենա Համացանցի կառավարման միջազգային ֆորումը, եւ պաշտոնական Բաքուն ջանք չի խնայում տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ներկայանալու համար։

Համացանցի տարածումը եւ կիրառումն իրոք աճել է։ Բայց աճել է նաեւ ճնշումը, թեպետ Ադրբեջանում տպագիր կամ հեռարձակող լրատվամիջոցները համացանցի համեմատությամբ ավելի ծանր կացության մեջ են։

2011-ին Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի կայքը, բացի այդ, դատական պատասխանատվության են ենթարկել համացանցի ակտիվիստներին։

Եղել են նաեւ սոցիալական ցանցերում ընդդիմադիր հայացքներ արտահայտողներին վարկաբեկելու, հաշվեհարդարով սպառնալու դեպքեր։ Այդ մարդկանց ներկայացրել են թմրամիջոցներ պահելու, խուլիգանական արարքներ կատարելու կամ քաղաքացուն զրպարտելու մեղադրանքներ։

Ինչպես եւ այլ երկրներում, Ադրբեջանում մեծ տարածում ունեն Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը, որոնք շատ հարմար են հանրային միջոցառման` ցույցի կամ որեւէ ակցիայի մասին տեղեկացնելու համար։ Աճել է նաեւ բլոգերների ակտիվությունը։

Զեկույցում նշվում է, որ համալսարանների պաշտոնյաները ուսանողներին հորդորում են քաղաքական առումով առանձնապես ակտիվ չլինել համացանցում` նկատել տալով, որ հակառակ դեպքում կպատժվեն։

Դրա վառ օրինակը ուսանող Ջաբար Սալավանի ձերբակալությունն է. Եգիպտոսում տեղի ունեցած զանգվածային ընդվզումներից հետո նա գրել է, թե նման շարժում է անհրաժեշտ նաեւ Ադրբեջանին, ինչից հետո ձերբակալվել է թմրադեղ պահելու հոդվածով։

Մեծ աղմուկ է հարուցել Գուբա ավանում բողոքի զանգվածային ակցիայի մասին «Խայալ» հեռուստակայանի ռեպորտաժը, որի հեղինակներին մեղադրել են զանգվածային անհնազանդության կոչ անելու մեջ։

Պետական հեռուստակայաններով պարբերաբար ելույթ են ունենում հոգեբաններ, ովքեր ամենայն լրջությամբ պնդում են, թե Facebook-ի օգտատերերը հոգեկան հիվանդներ են։

Զեկույցում դրական է գնահատվում այն, որ նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել «Ռեալնի Ազերբայջան» պարբերականի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին, ով 2007 թվականից անազատության մեջ էր զրպարտության մեղադրանքով։ Ենթադրվում է, որ նրան պատժելու բուն պատճառը 1992 թվականին Լեռնային Ղարաբաղում զանգվածային սպանդի մասին ինտերնետում տեղադրած վերլուծությունն է, որը հակասել է իշխանությունների տեսակետին։

2011-ին բռնությունների են ենթարկվել դեմոկրատական ուժերի ցույցերը լուսաբանող լրագրողները եւ բլոգերները։

Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին դանակահարվել եւ նոյեմբերի 23-ին հիվանդանոցում մահացել է անվանի լրագրող Ռաֆիկ Թաղին։

Զեկույցում նշվում է նաեւ լրագրող Խաջիդա Իսմայլովային շանտաժի ենթարկելու եւ ամենակեղտոտ եղանակով նրա անձնական կյանքին միջամտելու զարհուրելի պատմությունը։

2012 թվականի «Եվրատեսիլ»-ին ընդառաջ` բջջային օպերատոր «Ազերսել»-ը «Տելիա-Սոներա» շվեդական ընկերության տեխնիկական աջակցությամբ տեղադրել է հատուկ համակարգ, որն Ադրբեջանի անվտանգության մարմիններին ընձեռել է բոլոր հեռախոսազրույցները գաղտնալսելու, SMS հաղորդագրություններն ընթերցելու եւ համացանցը հսկելու հնարավորություն։

Ըստ զեկույցի` հաքերային բազմաթիվ գրոհների են ենթարկվել ընդդիմադիր քաղաքական կառույցների եւ լրատվամիջոցների կայքերը։

«Ազատությունը համացանցում 2012» վերնագրած զեկույցում Freedom House-ը Հայաստանում ինտերնետին վերաբերող հարցերին չի անդրադարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG