Երեկ Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները փակել էին Երևան-Դիլիջան ավտոճանապարհի Ծովագյուղի հատվածը։ Նրանք դեմ են համայնքների խոշորացմանը, չեն ուզում իրենց գյուղը միանա Սևան քաղաքին։
Ծովագյուղից Սասուն Թովմասյանն ասում է՝ գյուղացիները վստահ են՝ իրենց զարգացող գյուղը կտուժի, համայնքի բյուջեն Սևանում կտնօրինեն։ Չեն հավատում իշխանությունների խոստումներին, որ ամեն ինչ ճիշտ հակառակը կլինի։
«Չի՛ կարա տենց լինի։ Նախկինում ասում էին՝ «Սեմյոնովկան կմնա մեզ»։ Մի հատ ո՛չ հարցում արեցին հետներս, ո՛չ ժողովրդի կարծիքը հարցրեցին, միանգամից որոշում են՝ «խոշորացնում ենք և վերջ», բա մեր կարծիքը», - ասաց Սասուն Թովմասյանը։
Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ճանապարհ փակած գյուղացիներին խորհրդարանի ամբիոնից պատասխանեց․ - «Կարող եմ պատասխանատու կերպով ասել՝ այն բոլոր գումարները, որ վերջին տարիներին ծախսվել են Ծովագյուղում, հիմա նորից կծախսվեն Ծովագյուղում, բայց՝ ավելի շատ, ինչո՞ւ, որովհետև իրենց խոշորացման արդյունքում հնարավորությունները մեծացել են։ Այսինքն՝ դա թյուր կարծիք է, որ միավորման արդյունքում իրենց համայնքը կարող է տուժել, չի՛ տուժի։ Առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խումբ, կուզեն մենք կգնանք գյուղ, կուզեն մարզպետարանում, կուզեն Երևանում, ցանկացած տեղ, կարող ենք գնալ, հանդիպել, քննարկել»։
Բողոքի ակցիան կաթվածահար էր արել ճանապարհը, երկու կողմում հարյուրավոր մեքենաներ էին խցանվել։ «Ազատություն» զանգահարած քաղաքացին դժգոհել էր՝ կեսօրից խցանման մեջ են․ - «Ճանապարհները փակել են եկկողմանի, այսինքն՝ մենք չենք կարող նույնիսկ ետ վերադառնալ Երևան»։
Ծովագյուղցի Սասուն Թովմասյանն «Ազատությանն» ասաց՝ դա էլ իրենց բողոքի արտահայտման ձևն է, ով բժշկի կարիք ունի, շտապօգնություն են կանչում, կանանց-երեխաներին իրենց տներ են տանում։ «Հոգատար ենք», - ասաց․ - «Բայց մինչև նախարարը չգա, չենք բացելու ճանապարհը»։
Նախարար Սանոսյանն էլ Ազգային ժողովի ամբիոնից ասաց՝ արդեն խոշորացված համայնքների փորձը ցույց է տալիս, որ այդ գյուղերը զարգանում են՝ ընդգծելով՝ դա ճանապարհին քննարկելու թեմա չէ։
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները դեռ նախորդ տարվանից էին դեմ համայնքների խոշորացմանը, որպես բոյկոտ՝ երկու գյուղերից գեթ մեկ մարդ չէր մասնակցել 2021-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։