Մատչելիության հղումներ

Պատերազմից հետո դադարեցվել է Հայաստանից դեպի Ռուսաստան գինու և կոնյակի արտահանումը


2021 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է ավելի քան 847 միլիոն դոլարի ապրանք, Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 շուկան է։

Հետխորհրդային երկրներից երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդում՝ Ուկրաինան. երեք երկրներ, որոնցից երկուսն այժմ պատերազմում են, իսկ երրորդը ներգրավված է նույն պատերազմում։

Ըստ ապրանքների խմբերի Հայաստանից ամենաշատն արտահանում են ոգելիք և ոչ ոգելից ըմպելիքներ, որոնց ամենամեծ շուկան կրկին Ռուսաստանն է։

«Կոնյակի առումով բաժինը 90 տոկոսից ավելի է կազմում, գինու առումով հասնում է 80 տոկոս, նայած տարիների։ Եվ պարզ է, որ շատ ուղիղ ինքը ազդում է այդ գործընթացի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով, պատերազմի մեկնարկից հետո արդեն գրեթե 10 օր անգամ մեկ շիշ գինի կամ կոնյակ չի արտահանվել Ռուսաստան. - «Այո, արտահանումը ամբողջությամբ կանգնել է»։

Եթե Ռուսաստանի ու Բելառուսի դեպքում առաջացել են խնդիրներ ռուբլու արժեզրկան պատճառով, ապա Ուկրաինա պարզապես ֆիզիկապես անհնար է բեռներ տանել. - «Ունեն կուրսի մեծ տատանում։ Դոլարով չեն կարողանում էկվիվալենտ կերպով փոխհատուցել, ռուբլով էլ մենք չենք ուզում, որ իրենք փոխանցեն։ Եվ երկրորդը, ուղղակի կանխատեսելիությունը այս իրավիճակի հետագա ընթացքի թույլ չի տալիս, որպեսզի մենք հիմա առանց վճարումների արտահանենք Ռուսաստան»։

Խաղողի ու մրգային գինիներ արտադրող Գևորգյան գինու գործարանը, հիմնադիր Վահագն Գևորգյանը փոխանցմամբ, Հայաստանի տասնյակ այլ գինի կամ կոնյակ արտադրող գործարանների նման արտադրանքի մեծ մասը վաճառում է Հայաստանից դուրս, և միայն 20 տոկոսը՝ երկրի ներսում. - «Արտահանման ծավալների հիսուն տոկոսը վաճառվում ա Ռուսաստանում։ Չնայած բացի Ռուսաստանից, նաև տասնչորս երկիր արտահանում ենք»։

Վերջին վաճառքների, այդ թվում նոր տարուց առաջ վաճառված հազարավոր շշերի դիմաց վճարումները Ռուսաստանից պետք է ստանային փետրվարի 2-րդ կեսին, սակյան սկսվեց պատերազմը, պատմում է Գևորգյանը. - «Նախ ասեմ, որ մենք աշխատում ենք դոլարով, մեր արտահանման գները ֆիքսված ա դոլարով։ Չնայած Հայաստանում կան մի շարք արտադրողներ, որոնք ռուսական ռուբլով են արտահանել և իրենք ավելի մեծ վտանգի մեջ են։ Մեր վնասը ներկայումս կայանում է նրանում, որ էն ապրանքը, որը մենք արտահանել ենք Ռուսաստան, մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունները, որոնք մեզնից գնել են, իրենք էդ գումարը շուկայից հավաքելու են ռուբլով»։

Ռուսաստանի Դաշնությունը արգելել է դոլարային մեծ փոխանցումներ երկրից դուրս, հետևաբար գինին Ռուսաստանում վաճառողները եթե անգամ կարողացել են մանրածախ կետերից ստանալ գումարները, այժմ չեն կարողանում փոխանցել գործարաններին։

«Առաջին վնասը, որ մեզ հասցվելու ա, դա մեր պարտքերի ստացումն ա։ Երկրորդ վնասը, որ մենք կունենանք, դա գնային քաղաքականությունն ա։ Այսինքն՝ բոլոր ներմուծող ընկերությունները մեզ ստիպելու են, որպեսզի մենք գին էժանացնենք, որ նրանք էլ կարողանան իրենց մոտ արդեն ռուբլու բարձր կուրսի դեպքում ինչ-որ չափով գին կարողանան էժանացնեն, որ շուկայում մեր ապրանքը լինի վաճառելի», - նշեց Գևորգյանը։

Ռուսական ռուբլին գահավիժում է պատերազմի ու Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, ԱՄՆ-ն ու դաշնակիցներին էլ խոստանում են երկարաժամկետ պատժամիջոցներ։ Այս բոլորը հաշվի առնելով՝ գինեգործը հույս չունի, թե իրավիճակը կարող է արագ շտկվել։ Հետևաբար ելքեր են փնտրում. - «Պետք ա կարողանանք ճիշտ կողմնորոշվել, որովհետև չի կարելի էդ շուկան կորցնել»

Ավագ Հարությունյանը հետևել է վերջին տասնամյակների վիճակագրությանը. Հայաստանն ամեն տարի առևտրաշրջանառության մոտ 1 տոկոսով հեռանում է ռուսական շուկայից, իսկ ճգնաժամային տարիներին՝ ավելի մեծ թափով. - «Եթե նայեք պիկեր կան։ Այսինքն՝ ռուսական շուկայից հեռանալու պիկերը ճգնաժամերին հաջորդող մեկ-երկու տարիներն են։ Ու ամեն անգամ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր կոնյակի շուկան՝ ամեն վատ ժամանակաշրջանի հետ կապված»։

Առաջիկա մի քանի տարիներին միգուցե հայաստանյան արտադրողները ի վերջո կարողանան նոր շուկաներ հայտնաբերել ու գրավել։ Իսկ մինչ այդ վտանգի տակ է այս տարվա բերքը. ով է՞ այն գնելու գյուղացիներից, եթե ոգելից արտադրողները չկարողանան վաճառել նախորդ տարվանից ամբարած արտադրանքը։

«Պետք ա օպերատիվ քննարկենք և վերլուծենք էն նոր իրողությունները, որում հայտնվել ենք։ Դեռևս անորոշությունները շատ են առջևում նաև», - ասել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով, խնդիրները սկսել են քննարկել, սակայն կառավարությունը դեռ որևէ քայլ չի ձեռնարկել բացասական գինի ու կոնյակ արտադրողների համար առաջացած հետևանքեները մեղմելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG