Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ այս գիշեր և վաղ առավոտյան գնդակոծությունների ժամանակ կրկին խաղաղ բնակիչներ են զոհվել։
Սումի քաղաքում օդային ռմբակոծության հետևանքով ավերվել են բնակելի շենքեր, հրդեհվել է բազմաբնակարան շենք։ Հաղորդվում է, որ 9 մարդ զոհվել է, այդ թվում՝ երկու երեխա, մի կին վիրավորվել է։
Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաևում բնակելի թաղամասերում մի քանի տեղ հրդեհ է բռնկվել։ Գնդակոծության հետևանքով զոհվել է 4 մարդ, 5-ը դուրս է բերվել փլատակների տակից և տեղափոխվել հիվանդանոց։
Խարկովում հրետակոծությունից հետո հրդեհվել է բնակելի շենքի 9 հարկ։ Առնվազն 4 մարդ մահացել է։
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է խաղաղ թաղամասերի և քաղաքացիական օբյեկտների վրա կրակելու մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այն միայն ռազմական թիրախներ է խոցում։