Մատչելիության հղումներ

Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը կբացի Սերգեյ Խաչատրյանը


Ամեն տարի աշնանային համերգաշրջանը մեր մայրաքաղաքում սկսվում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնով, որն այս տարի անցկացվում է 12-րդ անգամ:

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա այս երեկո Արամ Խաչատրյան համերգասարհում, որտեղ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչի Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը: Համերգի ծրագրում է նաև Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպիչները և գեղարվեստական ղեկավարներն են Էդվարդ Թոփչյանն ու անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնն այս տարի նվիրվում է Երևանի հիմնադրման 2800֊ամյա հոբելյանին:

ՀՖՆ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանն այսօր «Ազատության» հետ հարցազրույցում շեշտում էր, որ այս երեկո իրոք երաժշտական մեծ տոնակատարություն է տեղի ունենալու, քանի որ երաժշտասերները հնարավորություն ունեն ունկնդրել մեր ժամանակների լավագույն ջութակահարներից մեկին և այն էլ՝ այդպիսի ծրագրով․ - «Բացման համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ մեր շատ սիրելի հայրենակից Սերգեյ Խաչատրյանը, որը իսկապես մեծ նվեր մատուցեց մեզ՝ բացելով փառատոնը: Փառատոնում ընդգրկված է 14 համերգ, որտեղ ունենք երկու դաշնամուրային մենահամերգ Հայկ Մելիքյանի և Նառա Ավետիսյանի, ունենք 7 սիմֆոնիկ համերգներ և կամերային համերգներ: Սերգեյ Խաչատրյանը նաև կնվագի սեպտեմբերի 25-ին Վաղարշակ Զաքարյանի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիարայով»:

Հատուկ նախապատրաստված են ոչ միայն փառատոնի բացման համերգը, այլև փառատոնի շրջանակներում կայանալիք բոլոր համերգները, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել տարբեր երկրների անվանի երաժիշտների․ - «Այս տարի այնպես է ստացվել, որ մեկը մեկից շատ գեղեցիկ և հայտնի երաժիշտներով հագեցած ծրագիր ունենք: Ունենք անկախության տոնին նվիրված շատ գեղեցիկ համերգ, որտեղ երեք մենակատար կունենանք: Ունենք նաև հոբելյանական երեկոներ, որոնցից մեկը Լևոն Չիլինկիրյանի 70-ամյակին է նվիրված, և մեզ շատ հոգեհարազատ, ոչ մեր հայրենակից, սակայն մեր հայրենիքին մոտ կանգնած Սթիվեն Իզերլիսը, որը բազմակի անգամ եղել է Հայաստանում, և այս անգամ մենք կտոնենք նրա 60-ամյակը:

Փառատոնը կտևի մեկուկես ամիս: Եզրափակիչ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին․ - «Եզրափակիչ համերգը մի քիչ գաղտնիք է դեռ մնում, որովհետև փորձում ենք անել ոչ թե համերգային, այլ օպերային բեմադրություն՝ «Մադամ Բատերֆլյայ», որտեղ աշխարհահռչակ Լիանա Հարությունյանը կգա և կմիանա մեր փառատոնի փակման համերգին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG