Մատչելիության հղումներ

Կողմերը զիջումների տեղ չեն թողել. Էդմոն Մարուքյանը՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի մասին


«Ազատության» տաղավարում «Լուսավոր Հայաստան» արտախորհրդարանական կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։

Մարուքյան. – Ես չեմ տեսնում ամբողջ Ուկրաինան գրավելու ծրագիր։ Ես կարծում, որ փորձ է արվում Ուկրաինայի իշխանություններին պարտադրել պայմանների ընդունումը, ինչի մասին մինչև պատերազմն էլ խոսվում էր՝ նեյտրալ երկիր հայտարարելը, ՆԱՏՕ-ի անդամակցության ցանկության վերացումը, դրա շրջանակներում նաև Ուկրաինայի բոլոր ռազմական օբյեկտները վերացվելը, քանի որ Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում ռազմական իմաստով։ Ես էդքանն եմ տեսնում ծրագրի, որ փորձել հասնել Կիև և պարտադրել պայմանների ընդունումը։ Մյուս կողմից, ես չեմ տեսնում, որ Ուկրաինայի ղեկավարությունը որևէ ձևով ընդունելու է այդ պայմանները։ Որովհետև նրանք ունեն ամբողջ Արևմուտքի և քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը։ Հետևաբար, կողմերը շատ են հեռուն գնացել և զիջումների գնալու ոնց որ թե տեղ չունեն։

«Ազատություն». – Իսկ եթե նաև իշխանափոխության հասնի՞, ասենք, այնտեղ պրոռուսական նախագահի «ընտրի», նշանակի։

Մարուքյան. – Չեմ պատկերացնում նման սցենար, որովհետև ավելի շուտ հնարավոր ա, որ Արևելյան և Արևմտյան Ուկրաինաներ լինեն՝ թեկուզ չճանաչված, բայց չեմ պատկերացնում վիճակ, որ Ռուսաստանը կարողանա այս իրավիճակում այնտեղ նշանակել ռուսամետ իշխանություն։ Որովհետև անգամ շատերը, ովքեր ռուսական կողմն էին սիմպատիաներով, պատերազմը շատ բան ա փոխել։ Եվ էդ իմաստով դժվար կլինի Ռուսաստանի համար նման բանը։ Եվ նաև ես պետք է ասեմ, որ ռուսական կողմը անդադար շեշտում է, որ նրանք ճանաչում են Վոլոդիմիր Զելենսկուն որպես Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։ Դա նշանակում է, որ նրանց ակնկալիքը հենց Զելենսկու հետ փաստաթուղթ ստորագրելն է, Զելենսկու կողմից պայմանների ընդունումը։ Այլապես կարող էին հայտարարել, որ նա լեգիտիմ չի։

«Ազատություն». – Ունի՞ Արևմուտքը այլ գործիքներ կանգնեցնելու այս պատերազմը, որ չի անում։

Մարուքյան. – Աննախադեպ գործիքակազմ է կիրառվել։ Ես չեմ տեսնում, որ որևէ այլ բան կարող են անել և չեն անում։ Իրապես աննախադեպ սանկցիաներ են կիրառվել, և ես նաև կարծում եմ, որ Ռուսաստանը չէր նախատեսել, որ այսքան ծանր սանկցիաներ կարող են կիրառվել։

«Ազատություն». - Արդարացի՞ է հայերի բողոքը, որ երկու տարի առաջ չէին արձագանքում տերությունները, Արևմուտքը, հիմա տեսեք Ուկրաինային համար ինչ ասես անում են։

Մարուքյան. - Հումանիտար իմաստով՝ այո, քաղաքական իմաստով աշխարհը չպատկերացնելու արդյունք է դա։ Եվ չհասկանալու ընդհանրապես մեր հակամարտության և Ուկրաինայում տեղի ունեցողի հետ կապված ընթացքը։ Համեմատելը Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա և Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա և արձագանքները, ընդհանրապես տեղին չէ։ Որովհետև միջազգային հանրության գլխի մեջ էր մտել, բոլոր ինստիտուտներում ընդունվել էին բազմաթիվ բանաձևեր, Ադրբեջանը հասնում էր դրան՝ իր հայտարարություններով, դիվանագիտությամբ, որ իր տարածքի քսան տոկոսը օկուպացված է, և նա մի օր պետք ա դա ուժով լուծի, եթե քաղաքակիրթ աշխարհը չի պարտադրում Հայաստանին, Արցախին վերադարձնելու իր տարածքները։ Երբ որ սկսեց էդ ագրեսիան, և մենք աղաղակում էինք աշխարհով մեկ, արձագանքները չեղան կամ շատ թույլ եղան, որովհետև ընկալում էին, որ բա ձեզ ասում էինք՝ ձեր կոնֆլիկտը լուծեք, բա մարդիկ պնդում են, որ իրենց տարածքների քսան տոկոսը գրավել եք»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG