Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել


Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար․ համաձայնությունը ձեռք է բերվել այսօր կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։

«Ցավոք, Ուկրաինան դեռ չունի այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են: Որոշումներ կան միայն հումանիտար միջանցքների վերաբերյալ»,- «Ռոյթերին» ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հավելելով՝ երբ այդ միջանցքները ստեղծվեն, կողմերը մարդկանց տեղահանության ընթացքում հրադադար կպահպանեն։

Ռուս պատվիրակները ևս հաստատել են, որ համաձայնել են ելքեր ստեղծել խաղաղ բնակիչների համար։ Գլխավոր բանագնաց, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին հորդորել է քաղաքացիական անձանց օգտվել մարդասիրական այդ միջանցքներից, «եթե ռազմական գործողությունները շարունակվեն»։

Սա կողմերի միջև ձեռք բերված առաջին համաձայնությունն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի՝ ութերորդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում։ Մինչ այդ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակները ևս մեկ հանդիպում էին անցկացրել, որն ավարտվել էր անարդյունք։

XS
SM
MD
LG