Մատչելիության հղումներ

Կատաղի մարտերը Ուկրաինայի ողջ տարածքում շարունակվում են


Կատաղի մարտերը Ուկրաինայի ողջ տարածքում շարունակվում են։ Ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմերը չորսն են՝ Խարկովը և Մարիուպոլը, որտեղ փողոցային մարտեր են, ինչպես նաև Կիևի հյուսիսային արվարձանները և երկրի Սև ծովի ափին գտնվող շրջանները։

Հենց երկրի հարավում՝ նախևառաջ Խերսնում է, որ Ուկրաինա ներխուժած ռուսական ստորաբաժանումները լուրջ հաջողություններ են արձանագրում։ Ու թեև չորեքշաբթի երեկոյան նախագահ Զելենսկու աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում էին, որ շուրջ 300 հազար բնակիչ ունեցող մարզկենտրոնի համար մարտերը շարունակվում են, այսօր արդեն հստակ է՝ քաղաքը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո։

Դա պարզ դարձավ կեսգիշերին մոտ, երբ Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը Ֆեյսբուքում կատարված գրառմամբ խոստովանեց՝ իր ղեկավարած քաղաքում ուկրաինական զորքեր այլևս չկան, իսկ Խերսոնը գրաված ռուսական զորախմբի հետ քաղաքային իշխանությունները ստիպված են եղել որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել՝ քաղաքի բնականոն կյանքն ապահովելու նպատակով։

«Հետիոտները քաղաքում տեղաշարժվում են մեկ, առավելագույնը երկու հոգով, զինվորականներին չեն սադրում, առաջին իսկ պահանջի դեպքում կանգ են առնում և կոնֆլիկտների մեջ չեն մտնում։ Ավտոմեքենաները տեղաշարժվում են նվազագույն արագությամբ և ցանկացած պահին պատրաստ են [ռուսաստանցի զինվորականներին] ներկայացնել թե ինչ են տեղափոխում», -գրել էր Խերսոնի քաղաքապետը, հավելելով՝ -«քաղաքի վրա ուկրաինական դրոշ է ծածանվում։ Եթե ուզում ենք, որ այն իր տեղում մնա, ստիպված ենք լինելու կատարել այս պահանջները»։

Տեղի բնակիչները ևս հաստատում են, որ իրադրությունը քաղաքում հանդարտ է և ուկրաինական բանակը լքել է այն։

«Կարծում եմ, որ քաղաքը ռուսների 100 տոկոսանոց վերահսկողության տակ է։ Քաղաքում պարետային ժամ է հայտարարված, երեկոյան ժամը վեցից հետո տնից դուրս գալ չի կարելի։ Կյանքը որոշակիորեն բնականոն հուն է մտնում, սակայն քաղաքը միանշանակորեն ռուսների վերահսկողության տակ է, ուկրաինական վերահսկողության այստեղ չկա», - AP-ի հետ զրույցում նշում էր Խերսոնի բնակիչ Զայնիշ Հուսեյնը։

Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի ուղղությամբ իրադրությունը տրամագծորեն հակառակն է։ Քաղաքային մարտերն այստեղ շարունակվում են, իսկ ռուսական ստորաբաժանումները մի մասը, դատելով պաշտոնական տեղեկատվությունից շրջանցում է քաղաքը՝ շարժվելով հարավ։

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական զորքերը գրավել են Խարկովից մոտ 30 կիլոմետր հարավ գտնվող Բալակլեա քաղաքը։

Ընդամենը 30 հազար բնակիչ ունեցող Բալակլեան կռվող երկու կողմերի համար կարևոր է նախևառաջ որպես տրանսպորտային հանգույց և ուկրաինական բանակի խոշորագույն զինապահեստների տեղակայման վայր։

Կիևի ուղղությամբ ռուսական շարասյուները շարունակում են առաջխաղացումը։ Ուկրաինական կողմը, սակայն, ռազմաճակատի այս հատվածում ևս տեղեկացնում է արձանագրված որոշակի հաջողությունների մասին։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները այսօր կեսօրին մի տեսանյութ տարածեցին, որտեղ երևում է, թե ինչպես են զինվորականները ուկրաինական դրոշ բարձրացնում Կիևի անմիջական հարևանությամբ գտնվող Բուչա քաղաքում։

Կիևի մարզի մեկ այլ բնակավայրը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում՝ մայրաքաղաքից 26 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Բորոդյանկան է։ «Ազատության» ուկրաինական ծառայության թղթակիցներին անցած գիշեր հաջողվել է մուտք գործել 13 հազար բնակչ ունեցող այս քաղաք։ Կատարված տեսագրությունից պարզ է դառնում, որ քաղաքի կենտրոնում ևս կատաղի մարտեր են ընթացել: ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական օդուժն այս ուղղությամբ ռմբակոծել է բնակելի թաղամասերը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, պատերազմի յոթերորդ օրվա ավարտին, Մոսկվան վերջապես հրապարակեց Ուկրաինայում կրած կորուստների պաշտոնական վիճակագրությունը՝ 498 զոհ և 1500 վիրավոր։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պնդմամբ, սակայն, ուկրաինական բանակի կրած կորուստները հնգապատիկ ավելի են՝ 2870 սպանված և շուրջ 3700 վիրավոր։

Ուկրաինական կողմը պատերազմի սկզբից ի վեր իր զինվորականների շրջանում զոհերի վիճակագրություն չի ներկայացրել՝ խոսելով միայն ռուսական կողմի կորուստների մասին։ Պաշտոնական Կիևի այսօր տարածած տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմի կորուստները մոտենում եմ 9 հազարի։ Հարկ է, սակայն, ընդգծել, որ Կիևի և Մոսկվայի ներկայացրած այս տվյալները անկախ աղբյուրներից հաստատել դեռ չի հաջողվում։

XS
SM
MD
LG