Մատչելիության հղումներ

«Ես կիրառել եմ բոլոր այն գործիքակազմը, ինչ որ ունի Ազգային ժողովի նախագահը». Հակոբ Արշակյան


Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյան
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահը շրջանցեց հարցերը, թե ինչու նիստերի ընթացքում որևէ դիտարկում չարեց վարչապետ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ։

«Կառավարություն - ԱԺ հարցուպատասխանին տեղի ունեցածը ուղիղ եթերով հեռարձակվել է, հանությունը թող գնահատի՝ ով էր մեղավոր, և ես անկողմնակալ էի, թե ոչ», - անդրադառնալով խորհրդարանի նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով ներկայումս խորհրդարանի նախագահի պաշտոնակատարն է։

«Ես կիրառել եմ բոլոր այն գործիքակազմը, ինչ որ ունի Ազգային ժողովի նախագահը։ Ընդ որում, սկսել եմ նախազգուշացումներից և որևէ կերպ չեմ ցանկացել, որպեսզի ընդդիմության ձայնը լսելի չլինի։ Ամեն ինչ տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի շրջանակներում։ Եթե որևէ մեկը ցանկանում է դա վիճարկման տակ դնել, թող դիմի համապատասխան մարմիններին», - լրագրողներին այսօր ասաց Արշակյանը։

Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի հարցը երեկ հունից հանեց Նիկոլ Փաշինյանին։ Իր պատասխանում վարչապետը օգտագործեց խորհրդարանում զգայուն համարվող «դավաճան», «թալանչի» որակումները։ Է'լ ավելի կոշտ աձագանքեց պատգամավորի՝ օրենսդիրի հետ առանց մատ թափ տալու խոսելու պահանջին. - «Ուրեմը ձեր չափը իմացեք, հերիք էղավ, բոլ էղավ... Թափ կտամ մատ, պետք ըլնի, ուրիշ բան էլ թափ կտամ»։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահը շրջանցեց հարցերը, թե ինչու նիստերի ընթացքում որևէ դիտարկում չարեց վարչապետ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ։ Մատ թափ տալու և դրան հաջորդած արտահայտությունների հետ կապված էլ առաջարկեց դիմել հենց վարչապետին. - «Եթե մեկնաբանության կարիք ունեք, ձեր մեկնաբանության կարիքները բավարարեք կոնկրետ մարդկանց կոնկրետ արտահայտություններով»։

Ընդդիմադիրները երեկ ի նշան բոյկոտի լքեցին նիստերի դահլիճը։ Հետագա հարցուպատասխանին մանսակցել-չմանսակցելու վերաբերյալ միասնական որոշում ընդդիմությունը դեռ չունի։

Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը նկատում է՝ իրենք, ըստ էության, իշխանության նման վարքածի վրա ազդելու լծակ չունեն. - «Հիշո՞ւմ եք, որ Էդմոն Մարուքյանը ասում էր՝ հիմա ի՞նչ անեմ, զինված խմբեր հավաքեմ, գնամ գրավեմ, սպանեմ... ի՞նչ անեմ։ Մարդը վեր ա կենում, խոսում ա՝ դուք էս եք, էն եք, թափ եմ տալու, չգիտեմ ինչ եմ անելու... Հարց ա առաջանում՝ ինչի՞ վեր կացավ նման վարքագիծ դրսևորեց։ Կա մի քանի տարբերակ։ Տարբերակ մեկ. ուղղակի անհավասարակշիռ մարդ ա, որ տենց... Երկրորդ, կարող ա ինքը գիտակցում էր, որ մնացած հարցերի մեջ լինելու էր իրեն անհարմար հարց, պատասխանը չուներ տալու»։

Քրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյան

Նորընտիր օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյան այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել էր խորհրդարանում հնչած արտահայտություններին և նշել, որ Ազգային ժողովում «երկուստեք ունենք ծայրահեղ բևելացված խոսք, որի դեմ պետք է պայքարել. - «Շատ անթույլատրելի բառապաշար է օգտագործվում, և այդ առումով, կարծում եմ, մենք հսկայական գործ ունենք անելու»։

Վարչապետ Փաշինյանը երեկ պատասխանելով, իրեն այդքան զայրացրած Հայաստանում հացահատիկի հնարավոր պակասի մասին հարցին, որտեղ կար նաև «Արցախի 75 տոկոսից ավելիի հանձնում» ձևակերպումը, հիշել էր նաև վերջերս բյուջե վերականգնված 15 մլրդ դրամի մասին. - «Կամ էլ Սյունիքի մասին խոսողները, հենա տարան գլուխները կախ, ընդունեցին իրանց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էր վճարեցին պետական բյուջե։ Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, թալանչիներ»։

ՊԵԿ հաղորդագրության համաձայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գործադիր մարմնի ղեկավարն էր իր անձնական միջոցներից բյուջե է վերականգնել 15 մլրդ դրամ:

Վահե Հակոբյան
Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ, ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանը վստահ է, որ հաղորդագրության մեջ դիտավորյալ անուն չի նշվել, որպեսզի Փաշինյանը մանիպուլյացիայի հնարավորություն ունենա և ստեղծի տպավորություն, թե ինքը կապ ունի այդ գործընթացի հետ. - «Էդ հարցը ես իրան ուղղելու եմ, որ թալանչին ում էր վերաբերվում։ Եթե ինձ, մենք մեր հարաբերությունները կպարզենք արդեն դատարանում։ Ես օգոստոսի 2-ից որևէ առնչություն էդ հիմնարկի հետ չունեմ։ Ինչ վերաբերում ա իմ փայամասին, ես հոգնել եմ արդեն ասելով՝ ես երբևիցե չեմ ունեցել որևէ փայամաս նշված հիմնարկում»։

Սա առաջին նման միջադեպը չէ խորհրդարանում։ Սակայն թե' նախորդ, թե' այս գումարման խորհրդարանում ոչ մի անգամ էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջ չի դրվել։ Իսկ գործադիրի հետ կապված նման լծակ պատմգավորներն ընդհանրապես չունեն։

XS
SM
MD
LG