Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում հանդես եկավ Կոնգրեսի երկու պալատներին հասցեագրված Երկրի կացության մասին իր առաջին ամենամյա ուղերձով:
Նախագահներն այդ ավանդական ուղերձներում, որպես կանոն, նախևառաջ խոսում են շարքային ամերիկացուն հուզող հարցերի՝ աշխատատեղերի, գների, հարկերի, առողջապահության և սոցիալական այլ կարևոր թեմաների մասին ու միայն դրանից հետո են անդրադառնում միջազգային զարգացումներին:
Բայց այսօր համաշխարհային հրատապ խնդիրն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն է, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ ամբողջ մոլորակի համար:
«Վեց օր առաջ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը փորձեց ցնցել ազատ աշխարհի հիմքերը՝ մտածելով, թե իր ուզած սպառնալից եղանակով կարող է փոխել աշխարհը: Նա չարաչար սխալվեց: Նա տանկեր ուղարկեց Ուկրաինա՝ ենթադրելով, թե աշխարհը շուռ կտա, բայց փոխարենը հանդիպեց պատին, որի մասին չգիտեր՝ դա Ուկրաինայի ժողովուրդն է՝ նախագահ Զելենսկուց մինչև շարքային ուկրաինացի: Նրանք ցուցաբերում են ամբողջ մարդկությանը ոգեշնչող անվախություն, խիզախություն և վճռականություն», - ասել է Բայդենը և վստահեցրել, որ ազատ աշխարհը կլինի Ուկրաինայի հետ:
«Մեր պատմությունից մենք գիտենք, որ երբ բռնապետերն իրենց ագրեսիայի համար գին չեն վճարում, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում: Նրանք շարունակում են իրենց արարքները, և Ամերիկայի ու աշխարհի համար սպառնալիքներն ու դրանք վնասազերծելու գինն ավելի է աճում», - հայտարարել է Բայդենը:
ԱՄՆ-ի ղեկավարի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը կոպիտ սխալ է գործել, չի կանխատեսել, որ Արևմուտքն ու աշխարհի մեծ թվով երկրներ կմիավորվեն և կսատարեն Ուկրաինային:
Օրենսդիրներից և պատվավոր հյուրերից շատերը Կապիտոլիում էին եկել Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշակներով և կրծքանշաններով: Ներկա էր նաև Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան, ով նստել էր առաջին տիկին Ջիլ Բայդենի կողքին:
Իր ուղերձում Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը և Եվրոպական երկրներն ամիսներ շարունակ ահազանգում էին Ուկրաինայի վրա հարձակվելու Կրեմլի մտադրության մասին, սակայն Կրեմլը մշտապես դա հերքում էր:
Բայդենը մեջբերել է նախագահ Վլադիմիր Զելենսկու Եվրախորհրդարանին հասցեագրած խոսքը՝ «Լույսը կհաղթի խավարին»:
Բայդենը խոսել է Վաշինգտոնի նոր որոշումների մասին, ազդարարելով, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ փակում է օդային տարածքը Ռուսաստանի համար:
Ռուսաստանի բանկային համակարգը կանջատվի աշխարհից, Կենտրոնական բանկը չի կարողանա իր 630 միլիարդ դոլարի պաշարով ֆինանսավորել պատերազմը:
Միացյալ Նահանգների պատկան ծառայությունները կթիրախավորեն Ռուսաստանի օլիգարխներին և կոռումպացված լիդերներին, նրանց մասնավոր օդանավերը, շքեղ դղյակներն ու զբոսանավերը կառգրավվեն:
«Ռուսական ռուբլին 30 տոկոսով է արժեզրկվել, ռուսական արժեթղթերի շուկան 40 տոկոսն է կորցրել, և դա միայն սկիզբն է», - ասել է Բայդենը:
Նա վերստին նշել է, որ ամերիկյան զորք Ուկրաինա չի մեկնի, բայց ամերիկացիները կմեկնեն Եվրոպա, և ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշինքի երկրների տարածքի ամեն մի թիզը:
«Պուտինի ագրեսիայի արդյունքում Ռուսաստանը կտկարանա, իսկ աշխարհը կհզորանա», - վստահեցրել է Ջո Բայդենը:
Անդրադառնալով սոցիալ-տնտեսական թեմաներին, նախագահը կոչ է արել Կոնգրեսին հաստատել օրինագծերը, որոնք թույլ կտան խթանել տնտեսությունը, նախաձեռնել նոր հսկայածավալ ծրագրեր, կառուցել նոր ճանապարհներ և կամուրջներ, վերականգնել ամերիկյան ենթակառուցվածքների երբեմնի բարձր որակը:
Նա խոսել է առողջապահության համակարգը զարգացնելու, դեղորայքն ավելի մատչելի դարձնելու, մարդկանց աշխատավարձը բարձրացնելու, մասնավորապես՝ նվազագույն ժամավճարը 15 դոլարի հասցնելու պահանջի, հարկերն արդար հավաքելու, արտադրությունն արտասահման տանելու փոխարեն բուն ԱՄՆ-ում զարգացնելու անհրաժեշտության և կարևոր այլ նախաձեռնությունների մասին: