Մատչելիության հղումներ

Կարևոր է Կարմիր խաչի հումանիտար գործունեությունը Արցախում․ Միրզոյանը՝ ԿԽՄԿ նախագահին


Հրատապ է Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը, այսօր Ժնևում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը։

Շեշտելով նաև բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման հրատապությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը՝ հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։

Փետրվարի սկզբին Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն է ցանկանում խաթարել, ըստ էության, սահմանափակվում է կազմակերպության մուտքն ու ելքը Արցախ։ Պաշտոնական Բաքուն փաստացի չհերքեց Երևանից հնչող հայտարարությունը։

Կարմիր խաչը Արցախում է շուրջ 30 տարի։ Միջազգային կազմակերպությունն աջակցում է հակամարտությունից տուժած ու տուժող բնակիչներին՝ սնունդով, անհրաժեշտ այլ պարագաներով, մասնակցում է զոհված զինծառայողների դիերի որոնման ու դուրսբերման աշխատանքներին, բնակչության սոցիալական վիճակը կայունացնող տարբեր ծրագրեր է իրականացնում։

XS
SM
MD
LG