Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխումների ընթացքը


Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում անդրադարձել են ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:

Պապիկյանը և Շոյգուն բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Շոյգուն, նշելով, որ Պապիկյանն առաջին անգամ է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում այցելում Մոսկվա, հայ գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Ղազախստանում իրավիճակի սրման ժամանակ «օպերատիվ և շատ կարևոր աշխատանքի համար»: «Դուք՝ որպես ՀԱՊԿ նախագահող մեր՝ Պաշտպանության նախարարների խորհրդի, գծով, ոչ դյուրին, բայց շատ օպերատիվ, կարևոր և անհրաժեշտ որոշումներ էիք ընդունում, որոնք թույլ տվեցին բավականին եռանդուն և շատ արդյունավետ օգնել մեր ղազախստանյան գործընկերներին այդ իրավիճակի հանգուցալուծման գործում», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

«Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր», - ասված է ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունում:

Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG