Մատչելիության հղումներ

Պաշտոնանկություններ բարձրաստիճան զինվորականների շրջանում


Պաշտոնանկություններ բարձրաստիճան զինվորականների շրջանում. նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով անցած օգոստոսին գլխավոր շտաբի պետի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ նշանակված Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։

Պաշտոնանկ է արվել նաև զինված ուժերի թիկունքի պետ Ռոմիկ Մարգարյանը, նրա փոխարեն նշանակվել է Արամ Պողոսյանը։

Աշխատանքից ազատված երկու բարձրաստիճան զինվորականներն էլ մեկ տարի առաջ վարչապետի հրաժարականը պահանջող բարձրաստիճան զինվորականների շարքում էին։ Հետախուզության գլխավոր պետի պաշտոնից ազատված Արայիկ Հարությունյանը դրանից առաջ զբաղեցնում էր երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, Ռոմիկ Մարգարյանը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կոմիսարն էր։

«Ազատությունը» Պաշտպանության նախարարության լրատվական բաժնից փորձեց պարզել՝ երկու բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառը աշխատանքում թերացո՞ւմն է, թե՞ զինված ուժերի ղեկավար կազմում կադրային փոխատեղումներ են։ Պաշտպանական գերատեսչությունից հորդորեցին գրավոր հարցմամբ դիմել։

Այս պաշտոնանկությունները հաջորդում են 44-օրյա պատերազմի ընթացքում բանակում զինվորականների կողմից լրտեսությամբ զբաղվելու վերաբերյալ ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտմանը։ Գործը քննող կառույցի փոխանցմամբ՝ 20 հոգու մեղադրանք է առաջադրվել, 14-ը կալանավորվել են։

ԱԱԾ-ն, պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը, չի պարզաբանում՝ արդյոք մեղադրյալների շարքում բարձրաստիճան զինվորականներ կա՞ն, թե՝ ոչ։

Ըստ իրավապաշտպանի, իշխանությունները զինված ուժերին վերաբերող հարցերում թափանցիկ չեն գործում

Իրավապաշտպան, երկար տարիներ բանակում առկա խնդիրներն ուսումնասիրող Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ իշխանությունները զինված ուժերին վերաբերող հարցերում թափանցիկ չեն գործում:

«Հատկապես պատերազմից հետո հանրությունը պետք է տեղյակ լինի՝ ինչ են փոխում, ում են փոխում, ինչու են փոխում, դա էլ ռազմական գաղտնիք չի», - ասաց Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմից հետո հանրությունը ցանկանում է իմանալ՝ ինչ է կատարվում զինված ուժերում հիմա. «Ամեն մի փոփոխությունը, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հենց հանրության գիտակցությունում լինի, որ էդ իշխանությունը ինչ-որ բան է փոխում բանակում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս իր հեռավար ասուլիսներից մեկում հայտարարեց՝ հրաժարվում է հրապարակային քննարկել զինված ուժերի վերաբերյալ հարցերը։

Հունվարի 28-ին՝ հայկական բանակի կազմավորման 30-ամյակին վարչապետն իր ուղերձում նշել էր՝ Հայաստանը գնում է Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ ընդգծելով՝ կառավարության նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։

XS
SM
MD
LG