Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում Ուկրաինայի դեմ ռուսական օպերացիային։
Գործողությանը Բելառուսի ենթադրյալ մասնակցության մասին ավելի վաղ հայտնել էր CNN-ը։
«Ես կարդացի. - «Առավոտյան ժամը մոտ 5-ին Ուկրաինայի պետական սահմանը Ռուսաստանի և Բելառուսի տարածքից ռուսական զորքերի կողմից հարձակման է ենթարկվել , որոնց աջակցում է Բելառուսը»: Ծայրահեղ սրիկաներ: Մեր զորքերը որևէ մասնակցություն չունեն այս գործողությանը», - պնդել է Լուկաշենկոն երկրի զինվորականների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Լուկաշենկոն հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած գիշեր զանգահարել է իրեն և տեղեկացրել Ուկրաինայի դեմ գործողության մեկնարկի մասին։ Նա պնդել է, թե իբր ուկրաինացի զինվորականները զգուշացվել են գործողության մոտալուտ մեկնարկի մասին։
Ռուսական և բելառուսական զորքերը փետրվարին լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Բելառուսում։ Վարժանքների ավարտից հետո ռուս զինվորականները մնացել են բելառուսական տարածքում՝ Դոնբասում «իրավիճակի սրման պատճառով» ։ Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն է Պուտինին խնդրել զորքը թողնել՝ «հարավային սահմանը ծածկելու համար»։
Այսօր առավոտյան հաղորդվել է, որ տանկային ստորաբաժանումները Ուկրաինա են մտել հյուսիսից՝ Բելառուսի սահմանով , սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։