- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը:
Ռուսաստանի ղեկավարը բելառուս պաշտոնակցին պատմել է Ուկրաինայում «հատուկ գործողությունների ընթացքի մասին»: Լուկաշենկոն, ըստ Կրեմլի, այդ հարցում իր աջակցությունն է հայտնել Պուտինին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վրաստանի առողջապահության նախարարությունը կամավորներին կոչ է արել արյուն հանձնել Ուկրաինայի համար: Այդ մասին հաղորդվում է նախարարության Ֆեյսբուքի էջում:
Նախարարությունը հայտնում է, որ հավաքված արյունը պահանջված մշակումից հետո կուղարկվի Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն:
Վրաստանի կառավարությունը երկուշաբթի օրը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Բացի այդ, Վրաստանում հյուրանոցներում անվճար տեղավորում են ուկրաինացի այն զբոսաշրջիկներին, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվայի քաղաքապետարանը պաշտոնապես մերժել է Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտելու նպատակով մարտի 12-ին բողոքի երթ անցկացնելու «Յաբլոկո» կուսակցության դիմումը, որում երթի նպատակը նշվել է որպես «մոսկվացիների վերաբերմունքը հատուկ գործողության նկատմամբ»:
Ռուսաստանի իշխանություններն արգելում են Ուկրաինայի պարագայում կիրառել «պատերազմ» եզրույթը:
Քաղաքապետարանը մերժել է նաև մի խումբ ռուս ազգայնական հրապարակախոսների կողմից ներկայացված «Ժողովրդի և բանակի համերաշխության երթ» անվամբ միջոցառման հայտը:
Երկու մերժումներն էլ պատճառաբանվել են «համաճարակաբանական իրավիճակի» հանգամանքով: