- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե թիրախավորելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք հարստություն դիզած և քաղաքական ազդեցություն կուտակած օլիգարխներին, հայտնում է Reuters-ը։
«Երկրները համատեղում են ջանքերը, որպեսզի ուսումնասիրեն, թե օլիգարխները ինչպես կարող են շրջանցել պատժամիջոցները, ինչպես նաև նպատակ կա սահմանափակել տրաստային ընկերությունների դերը՝ ակտիվների պահպանման գործում», - լրատվական գործակալությանը փոխանցել է Եվրամիության պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 19 օլիգարխների և նրանց ընտանիքների 47 անդամների նկատմամբ։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանելու է դաշինքի անդամ երկրների տարածքը Ռուսաստանի ագրեսիայի դեպքում: Այդ մասին նա խոսել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների արտակարգ ժողովում:
Նա նաև խստորեն դատապարտել է ռուսական բանակի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա և Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքում մարտական գործողությունների ծավալումը: Բլինքենի փոխանցմամբ, աննախադեպ լարված ճգնաժամը կարգավորելու միակ ելքը ռուսական զորքի անհապաղ հեռացումն է Ուկրաինայից:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պուտինը հրաժարվում է դադարեցնել հարձակումները Ուկրաինայի վրա, Թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո։ Վատթարագույնը դեռ առջևում է, մեկուկես ժամ տևած զրույցից հետո ահազանգել է Մակրոնը:
Ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով նախագահ Մակրոնի օգնականին, որը ցանկացել է անանուն մնալ, գրում են, որ Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի պաշտոնակցին ասել է՝ շատ վճռական է շարունակելու հարձակումները՝ «ամբողջ Ուկրաինան գրավելու» նպատակով։ Մակրոնն ի պատասխան Պուտինին ասել է՝ «կոպիտ սխալ» է գործում։
Ֆրանսիացի պաշտոնյան նաև փոխանցել է, որ Կրեմլի ղեկավարը շեշտել է՝ ռուսական բանակի այսպես կոչված «հատուկ գործողություններն» ընթանում են Մոսկվայի պլանի համաձայն, և որ իրավիճակը կսրվի, եթե ուկրաինացիները չընդունեն ռուսական կողմի պայմանները։