- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 3-ից 8-ը կայցելի Եվրոպա: Առաջին կանգառը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելն է, որտեղ պետքարտուղարը կմասնակցի Մեծ յոթնյակի արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովին: Ապա Բլինքենը կմեկնի Լեհաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա:
Պետքարտուղարը Եվրոպայում կքննարկի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը դաշնակից և գործընկեր պետությունների կողմից համակարգված տնտեսական պատժամիջոցներով արձագանքելու հարցը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլում երեկ շարունակվել են ինտենսիվ հրետակոծությունները, տեղական իշխանությունները հայտնում են զոհված երեխաների մասին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գնահատմամբ՝ ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 2 հազար խաղաղ բնակիչ, սակայն նշվում է, որ դա ոչ ճշգրիտ տվյալ է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով Ուկրաինայից փախստականների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի տեղեկատվական դաշտը վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության Svoboda.org կայքը: Գլխավոր դատախազությունը պահանջում է ուկրաինական պատերազմին առնչվող մի քանի նյութեր հեռացնել։ Այս մասին ասվում է չորեքշաբթի երեկոյան խմբագրության ստացած վեց ծանուցումներում։
Երեկ Ռուսաստանի կառավարությունը զգուշացրել է «Ամերիկայի ձայն»-ին իր մտադրության մասին՝ արգելափակել «Ամերիկայի ձայն»-ի ռուսալեզու www.golosameriki.com լրատվական կայքը, եթե այն չհեռացնի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված նյութը: Դա հիմնավորվում է նրանով, թե «Ամերիկայի ձայն»-ի կայքը «պարունակում է ահաբեկչական գործողությունների կեղծ հաղորդումներ կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ ոչ հավաստի տեղեկություններ»։
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ գիշերը հրթիռակոծվել է Կիևը, մայրաքաղաքում առնվազն չորս պայթյուն է որոտացել:
Գիշերը ռուսական բանակը հրթիռակոծել է նաև Խարկովի մարզի Իզյում քաղաքը, զոհվել է առնվազն 8 մարդ։
Կրկին տեղեկություններ են ստացվել Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա օդային հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին: