- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտության Ուկրաինայի հարցում, եթե Ռուսաստանը դուրս բերի զորքերը և նույնպես գնա բանակցությունների։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, սակայն դիվանագիտության ճանապարհի համար անհրաժեշտ է Ուկրաինայում դեէսկալացիան։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Դոժդ» հեռուստաընկերության ղեկավար Տիխոն Դզյադկոն հեռացել է Ռուսաստանից։ Նրա փոխանցմամբ՝ նման որոշում են ընդունել նաև հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ։
Դզյադկոն այդ մասին հայտնել է Տելեգրամ ալիքով տարածած հաղորդագրությունում և նշել, որ Գլխավոր դատախազության հայցով «Ռոսկոմնադզոր»-ի կողմից «Դոժդ»-ի կայքը և սոցցանցերի էջերը արգելափակվելուց հետո, ինչպես նաև մի շարք լրագրողների հասցեին սպառնալիքների պատճառով աշխատակիցների անձնական անվտանգությունը վտանգված է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները, որոնք դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։
«ՄԱԿ-ի այս արտասովոր քայլը ցույց է տալիս ինքնիշխան հարևանի վրա Ռուսաստանի սարսափելի հարձակման կապակցությամբ գլոբալ վրդովմունքի չափը և ցույց է տալիս աննախադեպ համաշխարհային միասնություն», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ: - «Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց Պուտինի մեկուսացումը»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը հարձակվել է ոչ միայն Ուկրաինայի, այլև համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմքերի և այն ամենի վրա, ինչ պաշտպանում է ՄԱԿ-ը։
«Միասին մենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք իր գործողությունների համար», - եզրափակել է Ջո Բայդենը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել ռադիոկայանը և կայքը, հայտարարել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
Բացի այդ, «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է հեռացնել «Էխո Մոսկվի» հավելվածը, հավելել է Վենեդիկտովը։