- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանը պատրաստվում է բելառուսական զորք մտցնել Ուկրաինա, այսօր հայտարարել է այդ երկրի ռազմական հետախուզությունը։ Ըստ հաղորդագրության, Կրեմլը հատուկ ծրագրեր է կազմում, որպեսզի արդարացնի բելառուսական զորքի ներխուժումը։
Սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ մասնավորապես, ասվում է, որ ըստ տվյալների, Ուկրաինայի հետ սահմանին այժմ տեղակայվել են մոտ 300 բելառուսական տանկեր։
Այս հաղորդագրությունից մոտ մեկ ժամ առաջ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, թե «Բելառուսի բանակը կազմ ու պատրաստ է, և եթե վտանգ լինի, ինքը կարող է 2-3 օրում զորքը մոբիլիզացնել»։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ։
«Կիևը պետք է ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունները», Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմում, ապառազմականացվի և պարտավորվի հետագայում չհամալրել զինանոցը միջուկային զենքով»,- ասել է Պուտինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ զրույցում։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինայի նախագահը հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ իր երկրին։
«Եթե մեր դաշնակիցները պատրաստ չեն Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ այն պատճառով, որ Ռուսաստանը դա չի ուզում, ապա պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն։ Դա նշանակում է, որ մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները պետք է պաշտպանվեն, մենք հատուկ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ և լինենք լիակատար անվտանգ»,- ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Մոսկվայի իշխանությունները պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քաղաքում կարգուկանոն պահպանելու համար, այսօր հայտարարել է Սերգեյ Սոբյանինը։ Քաղաքապետը զգուշացրել է, թե «փողոցային անկարգություններ կազմակերպելու բոլոր փորձերը հետևողականորեն կկասեցվեն»։